ԱՐԱՆ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ
Օրերս ՌԴ-ում տեղի ունեցած դժբախտ ավտովթարի պատճառով երեկ՝ ողջ օրվա ընթացքում, ռուսական լրատվամիջոցները քննադատում էին հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Արամ Գ. Սարգսյանի հետ՝ պարզելու, թե միության նախագահ Արա Աբրահամյանն ինչպես է վերաբերում այդ երեւույթին, եւ ինչ քայլեր են ձեռնարկել ՀՀ քաղաքացու իրավունքները պաշտպանելու համար: «Պարոն Աբրահամյանն ուղիղ եթերով հանդես է եկել Մոսկվայում ու նշել, որ շատ ցավալի դեպք է կատարվել, ու արդեն հայտնի է, որ մեքենան անսարք վիճակում է եղել: Ու արդեն հետաքրքիր էլ չէ, թե ազգությամբ ով է եղել՝ հայ, թուրք, չինացի, թե ճապոնացի: Բայց ես ընդհանրապես կարծում եմ, որ այս ամենի հետ կապված՝ ոչ թե պետք է պարոն Աբրահամյանի կարծիքով հետաքրքրվել, այլ հարց տալ հանրապետության նախագահին, վարչապետին եւ այլն, թե ինչ վիճակի են հասցրել մարդկանց, որ ազատամարտիկը վեր է կենում, գնում ՌԴ, որպեսզի տղայի գերեզմանի համար փող վաստակի: Դուք այդ հարցերը տվե՞լ եք այսօրվա իշխանություններին,-վրդովված հայտարարեց Սարգսյանը՝ նշելով,-այժմ ի՞նչ էական է, որ Աբրահամյանը մի բառ ավել կամ պակաս ասի, դրանից էս վիճակը փոխվելո՞ւ է: Մարդու պաշտպանությունն առաջին հերթին պետք է ապահովի ՀՀ ԱԳՆ-ն, սկսենք դրանից»:
Իհարկե, ճիշտ է ասում Սարգսյանը: Աբրահամյանի կարծիքը վաղուց արդեն հանրության լայն շրջանակներին չի հետաքրքրում: Բայց ինչո՞ւ ինքը՝ նախկին կարկառուն ընդդիմադիրը, նույն հարցը չի տալիս Սերժ Սարգսյանին:
ԿՀԱՆԴԻՊԵՆ
Այսօր՝ երեկոյան՝ ժամը 18:00-ին, մի շարք ազատամարտիկներ հանդիպելու են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նշենք, որ նրանք երեկ՝ առավոտից, նաեւ գիշերը, մնացել են Ազատության հրապարակում: Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց. «Եթե վարչապետի հետ հանդիպումը չգոհացնի ազատամարտիկներին, ապա մենք շարունակելու ենք մեր պայքարը»: Իսկ մինչ այդ նրանք առաջարկությունների փաթեթ են ներկայացրել վարչապետ Տիգրան Սարգսյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որով պահանջում են ընդունել օրենք «Կամավոր ազատամարտիկի մասին», որի միջոցով էլ կլուծվեն ազատամարտիկների սոցիալական խնդիրները: Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքը, որն այդքան էլ չի գոհացնում ազատամարտիկներին:
ԴԵՊԻ ԴՈՒԲԱՅ
«Air Arabia» ավիաընկերությունը օգոստոսի 16-ից սկսելու է Շարժա-Երեւան ավիաչվերթերը: Երեւանը կլինի 86-րդ ուղղությունը, դեպի ուր թռչում են ընկերության օդանավերը: Շաբաթական երկու չվերթեր կիրականացվեն երեքշաբթի եւ ուրբաթ օրերին՝ Airbus A320 օդանավերով: