«Զինված հանցախմբի գործով» կալանավորին տեղափոխում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ԱԱԾ-ի կողմից կալանավորված ազատամարտիկ, 49-ամյա Հարություն Սարիբեկյանի՝ Զիմի հարազատները փակուղում են հայտնվել:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ազատամարտիկի որդին` Ռուբեն Սարիբեկյանն ասել է, որ հոր առողջական վիճակը շատ վատ է, բայց իրավապահները հրաժարվում են նրան բուժհաստատություն տեղափոխել: «ՔԿՀ-ի բուժանձնակազմը գնում, հորս ստուգում է, բայց ճիշտ հասկացեք՝ այդպես չեն կարող նրան օգնել: Իմ խնդրանքս մեկն է, որպեսզի տեղափոխեն բժշկական հաստատություն, մի հատ ստուգման ենթարկեն ու նոր շարունակեն իրենց քննությունը: Խնդրում եմ՝ համապատասխան մարմիններին ընդառաջեն, որպեսզի հանգիստ լինենք, որ նրա հետ լուրջ բան չի կատարվում»,- հավելել է Ռուբեն Սարիբեկյանը:

Ստեղծված իրավիճակի շուրջ ArmLur.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿ վարչությունից: Այստեղից ստացանք յհետևյալ պարզաբանումը` «ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հարություն Սարիբեկյանի որդին մարտի 25-ին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ մտահոգված է հոր առողջական վիճակով, և խնդրել, որ վերջինս բժշկական ստուգման ենթարկվի: Հայտնում ենք, որ քրեակատարողական ծառայությունը կալանավորված անձ Հ. Սարիբեկյանին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության շրջանակներում ընդհանուր հետազոտության ենթարկելու խնդրով ՀՀ առողջապահության նախարարություն դիմել էր դեռևս մարտի 12-ին. հարցին տրվել է լուծում, և վերջինս օրերս կտեղափոխվի մասնագիտացված բժշկական հաստատություն վերոնշյալ հետազոտություններն անցնելու նպատակով»:




Լրահոս