«ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ» ՄՀԵՐ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մհեր Սեդրակյանն Ազգային ժողով եկած ամենասկանդալային դեմքերից է, մարդ, որը, թվում էր, պիտի հայտնվեր ոչ թե խորհրդարանում, այլ բոլորովին այլ տեղերում…
Մի քանի ամիս առաջ նրա անունը կապվեց Ստանիսլավսկու անվան թատրոնի մի դերասանի ծեծի ենթարկելու փաստի հետ, կարծես ամեն ինչ ակնհայտ ու անժխտելի էր, բայց հանկարծ երիտասարդ դերասանի մայրը փակեց լրատվամիջոցների ճանապարհը, իսկ դերասանն էլ հայտարարեց, որ իրեն Թոխմախի Մհերին պատկանող լցակայանում չեն ծեծի ենթարկել… Ոստիկանությունն էլ, բնականաբար, ոչինչ անել չէր կարող, որովհետեւ բողոք չկար: Փոխարենը կար իշխանությունների` Մհերին մշտապես սատարելու վճռականությունը:
Մհերի քրոջ որդի Արմեն Բադալյանը ժամանակին մեղադրվում էր ապօրինի զենք պահելու եւ խուլիգանության մեջ, բայց պատգամավորներ Շմայսն ու Մխիկն ամեն ինչ արեցին, որպեսզի նա ազատ արձակվի: «Ախպերության» պատվի գործն էր: Ինքը՝ Մհերն էլ, այսպիսի հայտարարություն արեց. «Քրոջս որդու անունը հանցագործությունների հետ կապված պարբերաբար չի շրջանառվում, դե, մեկ-երկու դեպքը չի նշանակում, որ… 37-40 տարեկան մարդ է, երկու անգամ եղել է, ինչքան մարդիկ կան, որ տարին մեկ ինչ-որ բանի մեջ ընկնում են»:
Եթե Թոխմախի Մհերին իր նեղն ընկած պահին «ախպերությունն» է օգնել, ապա ինքն էլ ժամանակին օգնել է իր խնամուն՝ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ մեղադրվող Խուճուճ Էդոյին՝ նախկին նախարար Մադաթյանին, որը փախել էր Հայաստանից: Ասում են` Մհերը Խուճուճին հրավիրել էր Հայաստան՝ հավաստիացնելով, թե նա լրիվ ապահով է: Ու, բոլորի համար զարմանալի կերպով, Մ. Սեդրակյանը կարողացել էր, դատախազության հետ գործարքի մեջ մտնելով, հանել խնամու հետախուզումը… Իմանալով այդ մասին` Ս. Սարգսյանը փոխանցել էր Մհերին, որ հանի իր թեկնածությունը (ԱԺ պատգամավորի): Բայց Մհերը չէր հանել… Այնուհետեւ, ըստ տարածված լուրերի, Ս. Սարգսյանը գնացել էր Թոխմախի գերեզմանոց՝ Ալեքսան Կիրակոսյանի գերեզմանին այցի: Տեղեկանալով այս մասին` Մհերը գնացել էր գերեզմանատուն՝ Ս. Սարգսյանին «պատահաբար» հանդիպելու: Բայց վերջինս թույլ չէր տվել իրեն մոտենալ: Հետո պատմում էին, որ Ս. Սարգսյանը Մհերին կանչել էր նախագահական ու զգուշացրել. «Խնամուդ կասես, խելոք մնա իր տեղում»… Դրանից հետո Մհերը հանել էր իր թեկնածությունը: Բայց ահա 2012-ին Ս. Սարգսյանն անձամբ էր Էրեբունու բնակիչներին կոչ անում ձայն տալ իրենց արժանավոր թեկնածու Մ. Սեդրակյանի օգտին…
Մ. Սեդրակյանի կարիերայի վերելքը սկիզբ է առել 1995-ին, երբ «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ է դարձել: 1999-ին էլ արդեն ԱԺ պատգամավորի ստաժով ընտրվել է Էրեբունի համայնքի թաղապետ ու մինչեւ 2008թ. պաշտոնավարել, իսկ դրանից հետո էլ վարչական շրջանի ղեկավար է նշանակել տվել քրոջ որդուն՝ Արմեն Հարությունյանին: Եվ, բնականաբար, համայնքում ոչինչ չի փոխվել, զարմիկը մշտապես կատարել է քեռու հրահանգները:
Վերջերս էլ Սեդրակյանը ձեռքը դրել է մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի ընդգետնյա շուկայի վրա, ու հիմա այնտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, որպեսզի շուտով Մհերն անձամբ առեւտրականներին հատկացնի վարձակալական տարածքներ… Այս ընթացքում էլ լիուլի կուրծքը զարդարել է պարգեւներով. «Մայրական երախտագիտություն», «Անդրանիկ Օզանյան», «Անանիա Շիրակացի», «Հաղթանակ», ռուսական «Հայրենիքի պաշտպան» (2012թ.) մեդալներով: 2008թ. արժանացել է «Լավ աշխատող համայնքի ղեկավար» ոսկե մեդալին: Մնում է միայն ազգային հերոսի կոչումը… Իսկ «հերոսացման» շատ փաստեր կարելի է բերել նրա կենսագրությունից. հենց միայն այն, որ լրագրող Մհեր Արշակյանին սպառնացել էր ծնոտը պոկել, ինչի համար, իհարկե, ավելի ուշ ստիպված եղավ մեղայականով հանդես գալ՝ հայտարարելով. «Ես անկեղծորեն իմ ափսոսանքն եմ հայտնում նյարդային պահին հնչած խոսքերի համար»:
Բնականաբար,  Թոխմախի Մհերի նման մարդը բազմաթիվ թշնամիներ ու չուզողներ ունի, որոնք  2003թ. նրա դեմ մահափորձ էին իրականացրել: Մ. Սեդրակյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում որոտացած պայթյունի հետեւանքով Էրեբունի համայնքի ղեկավարը ստացել էր մարմնական ծանր վնասվածքներ: Մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործը, սակայն, այդպես էլ չբացահայտեց մահափորձի կազմակերպիչներին, որոշ ժամանակ անց այն պարզապես կասեցվեց: Ժամանակին մամուլում կարծիքներ էին հրապարակվել, թե թաղապետի դեմ կատարված ոտնձգության հեղինակներն իշխանական թեւի ներկայացուցիչներ են: Նշվում էր նաեւ, որ իշխանություններն անգամ չեն էլ փորձում ձեւացնել, թե հետամուտ են մահափորձի բացահայտմանը:
Չնայած այն բանին, որ հատկապես Էրեբունիում շատերն են խոսում այն մասին, որ Թոխմախի Մհերը մի քանի «ցեխ» ունի, սննդի օբյեկտներ, նրան են պատկանում գաջի գործարանն ու «Ավտոստոպ» ընկերությունը, բայց ահա նա 2012-ին հայտարարագիր է լրացրել, որտեղ շատ համեստ ունեցվածք է ցույց տվել. երկու առանձնատուն՝ 1009 քմ ընդհանուր մակերեսով, եւ մեկ բնակարան՝ 81,9 քմ մակերեսով, երեք հողամաս: Հաշվետու տարվա եկամուտն էլ կազմել է 113 մլն դրամ: Իր հաշվին էլ ունեցել է ընդամենը 73 մլն ՀՀ դրամ: Ավտոմեքենա ու թանկարժեք իրեր, զարդեղեն չի հայտարարագրել: Չնայած հայտարարագրում սեփական ավտոմեքենա նշված չէ, բայց հենց իր սեփական մեքենայով է մուտք գործում ԱԺ բակ՝ այսպես հավասարվելով խորհրդարանի նախագահին ու տեղակալին: Դրանից բացի, նրան հատկացրել են միանգամից երկու սենյակ, որտեղ Մհերը կարգին «եվրոռեմոնտ» է արել: Երեւի պատրաստվում է երկար մնալ խորհրդարանում…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս