ՆՈՐ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ՝ «Air Armenia»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա»-ի կազմալուծումը պատճառ հանդիսացավ, որպեսզի ընկերության մոտ 400 աշխատակիցներ գործազուրկ դառնան:
Հիշեցնենք, որ «Արմավիա»-ն, տարբեր գերատեսչություններից բացի, նաեւ իր աշխատակիցներին է հսկայական գումարներ պարտք: «Արմավիա»-ի աշխատակիցը, որը չցանկացավ ներկայանալ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ սնանկ հայտարարված ավիաընկերությունը յուրաքանչյուր ամիս իր «քցված» աշխատակիցներին վճարում է 50-100-հազարական դրամ, ինչով մի կերպ կարողանում են «յոլա գնալ»: Աշխատակիցներից շատերը հույսով սպասում են, որ նոր հայկական ավիաուղի կբացվի, եւ իրենք կկարողանան այնտեղ աշխատանք գտնել:
Մեր զրուցակիցը ափսոսանք հայտնեց, որ պրոֆեսիոնալ կադրերով համալրված մի մեծ թիմ կազմալուծվեց, եւ նրանցից շատերն աշխատանք գտնելու հույսով հեռացան Հայաստանից: Նշենք, որ հմուտ օդաչուներից շատերն աշխատանքի են տեղավորվել Ռուսաստանում, Վրաստանում ու եվրոպական մի շարք երկրներում: Օրինակ` Էդուարդ Կարապետյանն այժմ աշխատում է ՌԴ-ում: Բորտ-ուղեկցորդներից շատերը եւս աշխատում են Մոսկվայի օդանավակայաններում, իսկ, օրինակ, Աննա Կազարյանը ստիպված է եղել փոխել մասնագիտությունը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հայկական կողմից բացվել է նոր հայկական ավիաուղի` «Air Armenia» անունով, որը վարձակալել է մեկ ինքնաթիռ: Բայց այն դեռեւս չի գործում ու չվերթեր չի իրականացնում: Թե ում է պատկանում այն, առայժմ հնարավոր չեղավ պարզել: Միայն հայտնի է, որ սեփականատիրոջ հետքերը տանում են ՀՀ նախագահի նստավայր:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ




Լրահոս