Սերժ Սարգսյանը մեկնում է ԱՄՆ. հայտնի է օրակարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որի շրջանակներում ՀՀ Նախագահը նաև մի շարք հանդիպումներ կունենա:

Հանրապետության Նախագահի ԱՄՆ աշխատանքային այցը կմեկնարկի Բոստոնից, որտեղ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Մասաչուսեթսի նահանգապետի, համայնքային ղեկավարների և Ներկայացուցիչների պալատի անդամների հետ: Նախագահը կհյուրընկալվի Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում, կայցելի կրթական այդ հաստատության մեդիա լաբորատորիա, «Սամբերգ» համաժողովների կենտրոնում հանդիպում կունենա ամերիկահայ գիտնականների հետ: Նախատեսված է նաև Նախագահի հանդիպումը «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների և շրջանավարտների հետ: Սերժ Սարգսյանը կայցելի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր դպրոց՝ հանդիպում կունենա համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և «Թավիթյան» հիմնադրամի կրթական ծրագրի մասնակից ՀՀ քաղաքացիների հետ: Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում Նախագահը հանդես կգա դասախոսությամբ և կհանդիպի հայ ուսանողների ու համալսարանի ղեկավարության հետ:

Նախատեսված է Հանրապետության Նախագահի այցելություն նաև հայաշատ Ուոթերթաուն քաղաք: Սերժ Սարգսյանը կհյուրընկալվի Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանում, հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի տեղի հայկական կենտրոններ և եկեղեցիներ, ինչպես նաև «Հայկական ժառանգության պուրակ», որտեղ հիմնված հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:




Լրահոս