Վանաձորի քաղաքապետարանի այս շաբաթվա աշխատանքային խորհրդակցությունը սկսվեց քաղաքապետ Սամվել Դարբինյանի` ներկաներին ուղղված հորդորով` տարբերել խորհրդակցությունները կոլխոզի ժողովներից եւ այսուհետ նիստին ներկայանալ փողկապներով: Քաղաքի սանիտարական վիճակի պահպանությունը խորհրդակցության գլխավոր հարցն էր: Քաղաքապետը խոսեց կենցաղային եւ սանիտարական աղբահանության, դրա հստակ կազմակերպման եւ հսկողության հարցերի շուրջ: Ս. Դարբինյանն այս անգամ էլ դժգոհեց քաղաքի կանաչ տարածքների պահպանումից: Լավ չեն իրականացվում հատկապես կանաչ տարածքների հնձման աշխատանքները, որ տարածքներն էլ հնձվել են ժամանակին, անձրեւների պատճառով այնտեղ արդեն աճել է խոտը, եւ նորից հնձելու կարիք կա: Համապատասխան մարմիններին հանձնարարվեց կազմակերպել այդ աշխատանքները, ինչպես նաեւ թեթեւ էտի ենթարկել այն ծառերը, որոնց ճյուղերը խանգարում են գիշերային լուսավորությանը: Քաղաքապետը մեկ անգամ եւս անդրադարձավ «Դարոժնիկ» ընկերության աշխատանքների դանդաղ ընթացքին եւ դրա հետեւանքով փողոցներում առաջացած անհարմարություններին: Հանձնարարվեց արագացնել փողոցների ասֆալտապատումը, որպեսզի սկսվեն նշագծման աշխատանքները: Ս. Դարբինյանը նշեց այն հիմնարկ-ձեռնարկությունների անունները, որոնք ունեն ժամկետանց պարտքեր, հորդորվեց մեկ անգամ եւս զգուշացնել համապատասխան անձանց` վճարելու գումարները, հակառակ դեպքում վերջիններս կենթարկվեն պատասխանատվության:
Գազի, էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված՝ քաղաքապետը նշեց, որ պետք է բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների հետ տարվեն բացատրական աշխատանքներ, որ հենց ամսվա սկզբից սահմանվի կարգ` պարտքեր չկուտակելու համար: Իսկ եթե կլինեն հիմնարկ-ձեռնարկություններ, որոնք ավելորդ ծախսեր կանեն, ապա ստիպված կլինեն ինքնուրույն փակել առաջացած պարտքերը:
Լոռի