Բացվեց Բյուրականի նորակառույց ամբուլատորիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ մասնակցեց Բյուրականի բժշկական ամբուլատորիայի բացմանը։

Այն «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման ընթացքում անցկացված շինարարական մրցույթների արդյունքում տնտեսված միջոցներով 2016 թվականին կառուցվող 5 ամբուլատորիաներից մեկն է։

Միջոցառումը մեկնարկեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մամբրե քահանա Պատուրյանի օրհնության կարգով:

Ուշագրավ է, որ բացի համայնքի 5 տոկոս ներդրումից, անձնական մասնակցություն է ունեցել նաև Բյուրական համայնքի նախկին բնակիչ, արդեն շուրջ 20 տարի Մոսկվայում ապրող «Արմգրուպ» շինարարական ընկերության տնօրեն Տարիել Մարգարյանը։ Հավատարիմ մնալով իր խոստմանը` նա շտապօգնության մեքենա նվիրաբերեց համայնքին: Ժամանակակից որոշ սարքավորումներով հագեցած մեքենայի գործունեությունն էականորեն կնպաստի բժշկական օգնության և սպասարկման բարելավման գործընթացին` նաև այլ համայնքների բնակչության համար հնարավորություն ընձեռելով ժամանակակից չափանիշներին համապատասխան առաջնային բուժօգնություն ստանալ:

«Հերթական գյուղական ամբուլատորիայի բացումն է, որը հաստատում է ՀՀ կառավարության մոտեցումները.  այն է` շեշտադրել  բուժօգնությունն առաջնային օղակում և իրականացնել  բնակչությանն առողջ պահելու  ծրագրեր»,- նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նրա գնահատմամբ` ամբուլատորիան պետության, միջազգային  կազմակերպության, համայնքի, ինչպես նաև անհատ ներդրողի փայլուն    համագործակցության արդյունք է:

Նախարարը ողջունեց և օրինակելի համարեց  նաև բարերարի` հետագայում շտապօգնության մեքենան,  ինչպես նաև  ամբուլատորիան անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցնելու  ցանկությունը:

1950-ականներին կառուցված անհարմարավետ, վատթար վիճակում գտնվող  շենքից հետո անհրաժեշտ սարքավորումներով ու պարագաներով հագեցած նորակառույց, ժամանակակից  ամբուլատորիան բարձր գնահատվեց ներկա գտնվող բազմաթիվ բնակիչների կողմից։

«Ցանկանում եմ բնակչության անունից շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության Նախագահին, ՀՀ կառավարությանը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարին, ով անձնական  մեծ ներդրում ունի այս գործում»,- ասաց Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը:

Նշենք, որ Բյուրական համայնքում նոր ամբուլատորիայի կառուցման և հագեցման նպատակով ներդրվել է շուրջ 73.7 մլն ՀՀ դրամ։ «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր-2» հավելյալ ֆինանասավորման վարկային ծրագրի շրջանակում ԲԱ-ի  երեք բժիշկ և երկու բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր: Ամբուլատորիան սպասարկում է Բյուրական, Անտառուտ և  Օրգով  համայնքների շուրջ 5200 ազգաբնակչությանը։

ՀՀ առողջապահության նախարարը մարզային այցը եզրափակեց Աշտարակի բժշկական կենտրոնում, ուր մարզպետի մասնակցությամբ բուժանձնակազմի հետ  քննարկվեցին բժշկական հաստատության զարգացման հնարավորությունները:




Լրահոս