Քարակերտ-Արտենի ուղեմասի 2803-րդ կիլոմետրին բեռնատար գնացքը հուլիսի 28-ին բախվել է խոշոր եղջերավոր կենդանիների: 22 վագոնից շարժակազմը՝ 1738 տոննա ընհանուր քաշով, վրաերթել է 6 կով: Բախման արդյունքում վնասվել է էլեկտաքարշը, որի վերանորոգման համար գնացքը մոտ 1 ժամ կանգնել է Քարակերտ կայարանում:
ՀԿԵ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Քարակերտ-Արտենի ուղեմասում պահատարի կապակցությամբ “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ-ն հերթական անգամ հիշեցնում է քաղաքացիներին անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտության մասին եւ կոչ անում գծերը չօգտագործել անասուններին արածեցնելու կամ արոտավայր տանելու համար:
ՀԿԵ-ն եւս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին լինել ավելի ուշադիր երկաթուղային կայարաններում եւ գծերը հատելիս: Ընկերությունը պահանջում է խստիվ հետեւել անվտանգության կանոններին եւ չանցնել գծերը դրա համար չնախատեսված տեղում:
Իր կողմից ՀԿԵ-ն ձեռնարկում է բոլոր քայլերը պահպանելու անվտագությունը. իրականացվում է երկաթուղային անցումների հագեցման եւ վերանորոգման ծրագիրը, պարբերաբար միջոցառումներ են կազմակերպվում անցումների խախտումները եւ թերությունները բացահայտելու համար, հերթապահների հետ տարվում են տեխնիկական պարապմունքներ, վարորդներին բաժանվում են թռուցիկներ:
Երկաթուղային տրանսպորտը, ինչպես եւ ավտոմոբիլայինը, չի կարող միանգամից կանգ առնել. արտակարգ արգելակման դեպքում ուղեւորագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր: Եղե՚ք ուշադիր եւ հիշե՚ք, որ Ձեր սխալ քայլերով ոչ միայն վտանգում եք Ձեզ, այլեւ ուղեւորների կյանքն ու առողջությունը: