Ռամազոտիի համերգի տոմս գնած քաղաքացիները շտապ փոխհատուցում են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս հայտնի դարձավ, որ իտալացի երգիչ եւ երգահան Էրոս Ռամազոտին չեղյալ է հայտարարել Perfetto համաշխարհային շրջագայության շրջանակներում Ռուսաստանում, Էստոնիայում եւ Հայաստանում կայանալիք իր համերգները` տուրի ռուսաստանյան կազմակերպիչ Global Communications ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման պատճառով:

Հայաստանյան համերգի կազմակերպիչ Forpostart Production-ը համերգի չեղարկումից հետո հայտարարեց տոմսերի վաճառքի դադարեցման մասին: Ընկերությունը տեղեկացրեց, որ իր եւ Global Communications-ի միջեւ կնքվել է գործակալական պայմանագիր, որի համաձայն՝ առաջինը հանդիսանում է Երեւանում Էրոս Ռամազոտտիի համերգի կազմակերպման գործընթացի տեխնիկական կատարողը, իսկ երկրորդը` ի դեմս գլխավոր տնօրեն Անդրեյ Ագապովի, պատվիրատուն: Հաղորդագրույթյան մեջ շեշտվում է, որ նախապատրաստական աշխատանքների 6 ամիսների ընթացքում Global Communications-ը բազմիցս խախտել է Forpostart Production-ի նկատմամբ իր պարտավորությունները՝ կապված Էրոս Ռամազոտտիի շոուի անցկացման ծախսերի վճարումների հետ:

Պայմանագրում առանձին կետով սահմանվում է, որ Global Communications-ի կամ արտիստի մեղքով միջոցառման չեղարկման դեպքում գործակալը որեւէ պատասխանատվություն չի կրում հնարավոր վնասները հատուցելու հարցում, բոլոր պահանջները ներկայացվում են պատվիրատուին: Ընկերության հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ միջոցառման տոմսերի իրացմամբ զբաղվող տոմսարկղերը եւ գործակալները, ինչպես նաեւ՝ Forpostart Production-ը եւ նրա երեւանյան ներկայացուցիչ «Շոուսթար» ընկերությունը չեն կրում տոմսերի ետ վերադարձի դիմաց դրամական փոխհատուցման կամ որեւէ այլ վնասի հատուցման պատասխանատվություն:

Նշվում է, որ բնակչության դրամական միջոցների փոխհատուցումը (ոչ գործակալի մեղքով չեղարկված միջոցառման տոմսերի վերադարձը) իրականացվում է պատվիրատուի կողմից, ինչի կապակցությամբ էլ Forpostart Production-ը, որը նույնպես հանդիսանում է տուժող կողմ, ամենասեղմ ժամկետներում կպատրաստի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ Global Communications ընկերության դեմ դատական ատյաններին հայցադիմում կներկայացնի: Իսկ իրացված տոմսերի ետ վերադարձը եւ դրանց դիմաց դրամական փոխհատուցումը հնարավոր կլինի դատական գործընթացի ավարտից հետո:

Այս բացատրությունները, սակայն, Ռամազոտիի հայաստանյան համերգի տոմսերը գնած քաղաքացիներին քիչ են հետաքրքրում: Նրանք ոչ մի կերպ չեն հանդարտվում եւ պահանջում են վերադարձնել իրենց գումարները: «Ֆեյսբուք» սոցցանցում նույնիսկ ստեղծվել է մի խումբ` «Էրոս Ռամազոտիի տոմսերի փոխհատուցում» անունով:

Իրենց դժգոհությունն արտահայտող քաղաքացիներից Աստղիկ Բաբասյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ինքը Showticket ընկերության (որը հանդիսանում է «Ֆորպոստարտ փրոդաքշըն»-ի հայաստանյան մասնաճյուղը) ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հարցադրմամբ, թե ինչու է Forpostart-ը համարվում տուժած կողմ, կոնկրետ ինչով է ընկերությունը տուժել. «Showticket-ից ինձ պատասխանեցին, որ ընկերությունը գումարներ է ծախսել հեռուստատեսությամբ, պաստառների միջոցով եւ ամսագրերում գովազդներ ներկայացնելու համար:

Այնինչ՝ ես այն համոզման եմ, որ այդ գովազդները պատվիրվում են նախօրոք` տոմսերի վաճառքից առաջ: Հետեւաբար մենք ուզում ենք իմանալ` ուր են ուղղվել մեր վճարած գումարները: Ինչ վերաբերում է դատական գործընթացին, ապա հայտնի չէ, թե այն երբ կավարտվի: Գուցե մենք այդ ժամանակ ծերացած լինենք եւ մոռանանք մեր գումարների մասին: Պահանջում ենք շտապ վերադարձնել մեր փողերը, այլապես մենք էլ հայաստանյան համերգի կազմակերպչին դատի կտանք»:

Մեկ այլ քաղաքացի` Մարինա Խեչումյանը, մեզ հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց այն առնչությամբ, որ վերջերս մոտեցել է Showticket-ի երեւանյան տոմսարկղ, որը, սակայն, փակ է եղել: Ի դեպ, այս առթիվ սոցցանցում իրենց զայրույթն են արտահայտել մի շարք քաղաքացիներ. «Կարծում եք` տոմսարկղը փակելով կամ մեր զանգերին չպատասխանելով կկարողանաք շրջանցե՞լ այս հարցը»,-գրել են նրանք:
«Մինչեւ Showticket-ի տոմսարկղ գնալը ես մոտեցա Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի տոմսարկղ, ինձ ասացին, որ այդ հարցը պետք է լուծվի Forpostart-ի կողմից, եւ իրենք կհայտարարեն, թե երբ մոտենանք տոմսարկղեր` մեր գումարները ետ ստանալու համար: Մեզ համար էական չէ, թե ով ում պետք է դատի տա, մենք մեր տոմսերը Global Communications-ից չենք գնել, ուրեմն ումից գնել ենք, թող վերջինս էլ վերադարձնի մեր փողերը»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Ռամազոտիի երեւանյան համերգը պետք է կայանար 2016-ի ապրիլի 26-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս