Հարց քաղաքացիներից ` եթե աշխատողի դրույքը պակաս է մեկ դրույքից, ինչպիսի՞ սահմանաչափով կօգտվի սոցիալական փաթեթից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել «Ժողովուրդ» օրաթերթին դիմած ընթերցողներին հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք դիմել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ զանգահարելով (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներին: Կարող եք Ձեր հարցերն ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] հասցեին:

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե աշխատողի դրույքը պակաս է մեկ դրույքից (նորմալ աշխատաժամանակից), ապա նա սոցիալական փաթեթից ինչպիսի՞ սահմանաչափով կարող է օգտվել։ Եվ եթե անձը գտնվում է մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ապա իրավունք ունի՞ օգտվել սոցփաթեթի ծառայություններից:

Լիանա Հովսեփյան (32 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ անձի հաշվով չի կարող գերազանցել մեկ դրույքի (նորմալ աշխատաժամանակի) համար սահմանված գումարի չափը, իսկ մեկ դրույքից պակաս (նորմալ աշխատաժամանակից պակաս, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն կրճատ տեւողությամբ աշխատաժամանակի) աշխատանքային ծանրաբեռնվածություն (աշխատաժամանակ) ունենալու դեպքում գումարը կնվազեցվի համապատասխան չափով (օրինակ` կես դրույք աշխատանքային ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոս աշխատաժամանակ ունենալու դեպքում) սոցիալական փաթեթի սահմանաչափը կկազմի գումարի կեսը):

Տեղեկացնում ենք նաեւ, որ հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող անձինք չեն օգտվում սոցիալական փաթեթից: Սակայն աշխատանքի վերադառնալուց անմիջապես հետո կարող են օգտվել սոցիալական փաթեթից, եթե նախքան հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ գնալը ունեցել են տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերջում հավելենք, որ յուրաքանչյուր աշխատակցին սոցիալական փաթեթով նախատեսված գումարը կազմում է 11 հազար դրամ: Սոցիալական փաթեթը ամսական գումար է, որը տարեկան կտրվածքով կազմում է 132.000 ՀՀ դրամ:




Լրահոս