Արդեն 10-րդ անգամ անցկացվող “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանն ամեն փառատոնի ավարտից հետո հույս է հայտնում, որ շուտով, շատ շուտով Հայաստանում, հատկապես մայրաքաղաքում կինոթատրոնների թիվը կավելանա` պայմանավորված կինոյի նկատմամբ աճող հետաքրքրությամբ, սակայն այդպես էլ “սայլը տեղից չի շարժվում”:
Բայց մինչ դրա պատճառների մասին խոսելը ներկայացնենք, թե մայրաքաղաքում ինչ կինոթատրոններ են գործել նախկինում: Երեւան քաղաքի պատմության թանգարանի “Հին եւ նոր Երեւանե պատմական տեղեկագիր-ուղեցույցից տեղեկանում ենք, որ Երեւանի կինեմատոգրաֆի մասին ամենավաղ վկայությունը վերաբերում է 1910թ., երբ Վ. Գագուան եւ Բ. Ջանիբեկովը դիմել են Երեւանի գավառապետին` “Իլյուզիոն” կինոթատրոնում նոր սարքավորում տեղադրելու համար։ Մինչեւ խորհրդային իշխանության հաստատվելը Երեւանում գործել են նաեւ “Ապոլլո”, “Ավանեսով եւ Խաչատուրով”-ի ամառային կինոթատրոնները։ Հայ կինոյի ծննդյան պաշտոնական տարեթիվը համարվում է “Պետական կինոյի կազմակերպման մասին” կառավարական դեկրետի ընդունման օրը` 1923թ. ապրիլի 16-ը, որով բոլոր մասնավոր կինոթատրոններն ազգայնացվել են։ 1923թ. Երեւանում բացվել են “Պետկինո” ամառային, 1924թ.` “Նաիրի” կինոթատրոնները, իսկ “Ապոլլո”-ն վերանվանվել է “Պրոլետար”։ Երեւանի խոշոր կինոթատրոններից են եղել “Այրարատե-ը, “Մոսկվա”-ն, “Նաիրի”-ն, “Հայրենիք”-ը, “Կոմիտաս”-ը, “Արագածե”-ը, “Անի”-ն եւ այլն։ 1960-ականներին գործել են հետեւյալ կինոթատրոնները` “Աբովյան”` Քանաքեռի 7-րդ փողոց, “Անի”` Սեբաստիայի փողոց, “Արագած”` Կ. Հալաբյան փողոց, “Երեւան”` Տիգրան Մեծի պողոտա, “Զվարթնոց”` Ազատության պողոտա, “Կոմիտաս”` Կոմիտասի պողոտա, “Հայրենիք”` Արշակունյաց պողոտա, “Հոկտեմբեր”` Արշակունյաց պողոտա, “Հրազդան”` Կիեւյան փողոց, “Պիոներ”` Վ. Տերյան փողոց, “Սասունցի Դավիթ”` Արցախի փողոց:
Բայց արդեն Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում նշված է գործող երկու կինոթատրոնի անուն` ,Մոսկվաե եւ ,Նաիրիե: Իսկ անցյալ տարվա նոյեմբերին Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը լրագրողներին հայտնել էր, որ մայրաքաղաքի Կայարանամերձ հրապարակում նախորդ դարի 60-ականներից գործող եւ 80-ականներին քանդված ,Սասունցի Դավիթե կինոթատրոնը (շենքի ճարտարապետն է Աննա Տեր-Ավետիքյանը) կարող է վերականգնվել…
Գործող, ինչպես նաեւ “Սասունցի Դավիթ” կինոթատրոնի ճակատագրի մասին կխոսենք արդեն հաջորդ համարում:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 585 համար