Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վերջապես հրապարակեց 2015թ.-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան զեկույցը: Մեզ հասած տեղեկություններով՝ նորանշանակ օմբուդսմենը գրեթե ոչինչ չի փոխել նախկին օմբուդսմենի պատրաստած զեկույցում: Թե այդ դեպքում ինչո՞ւ էր այդքան ուշանում զեկույցի հրապարակումը, դժվար է ասել: Նկատենք, որ անցած տարի ներկայացված ՄԻՊ զեկույցը 500 էջանոց էր, իսկ այս տարի հրապարակվել է 455 էջանոց աշխատանք:
ՀՔԾ-ի բացթողումները
«Ժողովուրդ»-ը մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցից առանձնացրեց միայն քննչական գործառույթներ ունեցող ծառայությունների կողմից արձանագրված թերությունները:
Ըստ օմբուդսմենի տարեկան զեկույցի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեության ոլորտում դրական զարգացումներ չեն արձանագրվել, քանի որ 2015թ.-ի ՄԻՊ հաղորդման պատրաստման համար ծառայության կողմից չի տրամադրվել պատշաճ տեղեկություն:
Իսկ որոնք են ծառայության խնդիրները. «Ծառայությունը պաշտոնատար անձանց կողմից իրականացված հանցագործությունների, այդ թվում՝ խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ոչ բոլոր դեպքերով է կատարել բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ստացված դիմում-բողոքների եւ ահազանգերի ուսումնասիրությունից պարզվել է, որ անձանց դիմումները, բողոքները ոչ բոլոր դեպքերում են ընդունվել որպես հանցագործության մասին հաղորդում, հետեւաբար որոշ դեպքերում, նույնիսկ երբ առկա են եղել համապատասխան հիմքերը, քրեական գործ չի հարուցվել:
Ավելին՝ ահազանգերի եւ դիմում-բողոքների ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ ծառայության կողմից գործերը որոշ դեպքերում քննվել են ոչ լրիվ ու օբյեկտիվ: Մինչդեռ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման համար քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները»:
Որպես օրինակ զեկույցում նշվում է, որ 2015թ.-ին ստացվել է պաշտոնատար անձանց կողմից խոշտանգումների եւ բռնությունների ենթարկման 4 դեպքի վերաբերյալ հաղորդում. «Քննված դեպքերից մեկով վկան եւ մեղադրյալը հայտարարել են, որ նախաքննություն իրականացնող քննիչի կողմից իրենց նկատմամբ բռնություն եւ ճնշում է գործադրվել: Չնայած դրան՝ ծառայություն փոխանցված 2 քրեական գործի վարույթները կարճվել են հանցակազմի բացակայության հիմքով»:
Ավելին՝ փաստաթղթում նշված է, որ 2015թ.-ին ՀՔԾ-ն կրկին մարտի 1-ի 10 զոհերի մահվան վերաբերյալ գործերով չի պահպանել հրապարակայնությունը՝ չնայած դրանց հանրային հնչեղությանը եւ կարեւորությանը. «Խնդրահարույց է նաեւ այդ գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը: Ծառայությունում դեռեւս շարունակվում է մարտի 1 դեպքերի վերաբերյալ նախաքննությունը, եւ վերջինս 2015թ.-ի ընթացքում իր վարույթում գտնվող տվյալ գործերի վերաբերյալ հանրությանը կրկին չի ներկայացրել կարեւոր տեղեկություն»:
Մարտի 1-ի մասին
Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2008թ.-ի մարտի 1-ի տասը զոհերի մահվան փաստով կատարվող նախաքննության ոչ պատշաճ իրականացման խնդրին անդրադարձել է նաեւ 2011, 2012, 2013 եւ 2014թթ-ների տարեկան զեկույցներում. «Նշվածի կապակցությամբ բազմիցս իրենց մտահոգությունն ու դժգոհությունն են հայտնել մարտի 1-ի 10 զոհերի ընտանիքների անդամները, հարազատները, տարբեր քաղաքական գործիչներ, քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաեւ միջազգային կառույցները»:
Մոռացված կոմիտեի խախտումները
Նկատենք, որ 2014 թվականի տարեկան զեկույցում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը չէր անդրադարձել ՀՀ քննչական կոմիտեում առկա խնդիրներին: Բայց մեկ տարի անց զեկույցում ներկայացվել են կոմիտեում առկա թերությունները:
2015 թ.-ին գրանցվել են կոմիտեի քննիչների կողմից խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաեւ բռնության կատարման այլ դեպքեր:
Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերի եւ դիմում-բողոքների, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում պարզվել են առանձին դեպքեր, երբ կոմիտեի քննիչները անձանց ենթարկել են խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաեւ բռնության:
Ավելին՝ կոմիտեի քննիչները, հակառակ օրենքի պահանջին, որոշ դեպքերում չեն ձեռնարկել բավարար քայլեր բերման ենթարկված կամ ձերբակալված անձանց փաստաբանով ապահովելու ուղղությամբ:
2015թ.-ի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ստացված տարբեր ահազանգերի եւ դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ կոմիտեի քննիչները բազմաթիվ դեպքերում դատավարական եւ քննչական գործողություններն իրականացնելիս չեն պահպանել նորմերը:
Գրանցվել են դեպքեր, երբ քննիչներն անչափահասներին հրավիրել են բաժին, առանց օրինական ներկայացուցչի, մանկավարժի մասնակցության կատարել են դատավարական եւ քննչական գործողություններ, ինչպես նաեւ արգելել են լքել բաժինը:
Արձանագրվել են խնդիրներ առ այն, որ ներկայանալու վերաբերյալ ծանուցումները քաղաքացիներին ուշ են փոխանցվում, ինչի արդյունքում վտանգ է առաջանում նրանց բերման ենթարկելու: Ի դեպ, ըստ զեկույցի՝ ՀՀ քննչական կոմիտեն զինծառայողների մահվան որոշ դեպքերի քննությունն իրականացրել է լրիվության, բազմակողմանիության եւ հրապարակայնության պահանջների խախտմամբ:
ԱԱԾ-ի թերությունները
Ազգային անվտանգության ծառայությունը եւս զերծ չի մնացել օմբուդսմենի քննադատությունից: 2015թ.-ի ընթացքում ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունում արձանագրվել են խնդիրներ՝ կապված ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալված անձանց փաստաբանով չապահովելու, ինչպես նաեւ անձին արգելանքի վերցնելուց հետո մերձավոր ազգականներին չտեղեկացնելու հետ:
Ծառայությունը ՀՀ պետական սահմանի անցակետերում լիարժեք չի ապահովել հասարակական կազմակերպությունների կողմից մշտադիտարկում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ:
Քնար Մանուկյան