ՎԱՏԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հուլիսի 23-ին ընդունած որոշումով, հիմք ընդունելով «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքը եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարի 2013թ. հուլիսի 13-ի առաջարկությունը, հուլիսի 24-ին Գարիկ Ռաֆիկի Մամյանին նշանակել է ՀՀ Տավուշի մարզի Ոսկեվանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնում եւ կնքել աշխատանքային պայմանագիր հինգ տարի ժամկետով: Նախկինում հայտնել ենք, որ Ոսկեվանի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար անցկացված 2 մրցույթների արդյունքներով տնօրեն չէր ընտրվել: Ըստ օրենքի՝ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պետք է առաջարկություն ներկայացներ, թե երկու թեկնածուներից՝ Ոսկեվանի դպրոցի տնօրենի տեղակալ, 28 տարվա մանկավարժական ստաժ ունեցող Գոհար Տիրացվյանը, թե Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Գարիկ Մամյանն է դառնալու տնօրեն: Գարիկ Մամյանը ՀՀԿ երիտասարդ թեւի ակտիվիստներից է, իսկ Գոհար Տիրացվյանին ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության գրասենյակում այդպես էլ չեն հանձնել ՀՀԿ իր անդամատոմսը: Գարիկ Մամյանն ազգային բանակում չի ծառայել, նա օգտվել է օրենքի ընձեռած հնարավորությունից եւ բանակում ծառայելու փոխարեն սահմանամերձ գյուղի դպրոցում մանկավարժ է աշխատել: Նա սահմանամերձ Ոսկեվանի դպրոցում աշխարհագրություն էր դասավանդում: Բանակում չի ծառայել, ազատամարտին չի մասնակցել նաեւ Գարիկ Մամյանին նշանակող վերադասը՝ Ադրբեջանի հետ 350 կմ սահման ունեցող Տավուշի մարզի ղեկավար Արմեն Ղուլարյանը: Վերջինս, սակայն, պահեստազորի գնդապետի կոչում ունի: Բանակում չի ծառայել նաեւ նժդեհյան գաղափարների կրող ՀՀԿ կարկառուն գործիչ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Սահմանամերձ Ոսկեվանը հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ բազմաթիվ զոհեր է ունեցել, գյուղի բնակիչների մեծ մասը, ովքեր այդ տարիներին չափահաս էին, մասնակցել են գյուղի պաշտպանությանը: Բանակում չծառայած երիտասարդին, որը Ոսկեվանի դպրոցում աշխատանքի էր տեղավորվել ժամկետային ծառայության չմեկնելու համար, բանակում չծառայած նախարարն ու չծառայած մարզպետը նշանակել են սահմանամերձ գյուղի դպրոցի տնօրեն: Դրանով սահմանամերձ գյուղի բնակչությանը, աշակերտությանն ի՞նչ «մեսիջ» են ուզում փոխանցել նախարարն ու մարզպետը: Իսկը՝ ՀՀԿ-ի «ռազմահայրենասիրական» ոգուն համապատասխան: Միով բանիվ՝ վատագույն ավանդույթները շարունակվում են:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս