«ՇԻՐԱԿ»-Ը
ՊԱՏՐԱՍՏ ԷՐ ՊԱՅՔԱՐԻ
Հուլիսի 23-ի վաղ առավոտյան ֆուտբոլի Հայաստանի առաջնության հաղթող Գյումրու «Շիրակ»-ը Երեւան-Մոսկվա-Բելգրադ չվերթով ուղեւորվեց Սերբիա:
Հայաստանում ներկայումս չարտերային չվերթեր իրականացնող ընկերություն չկա, ուստի «Շիրակ»-ը ստիպված էր սովորականից երկար ճանապարհով մեկնել մրցավայր: Երեկ գյումրեցիները հյուրընկալվեցին Սերբիայի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Պարտիզան»-ին՝ անցկացնելով Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան հանդիպումը: Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին մրցավեճում գրանցվել էր արդյունավետ ոչ-ոքի՝ 1:1:
Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմի կազմում մրցավայր էին մեկնել հետեւյալ 18 ֆուտբոլիստները. դարպասապահներ` Արթուր Հարությունյան, Նորայր Աբրահամյան, պաշտպաններ` Դիդյե Բորիս, Սամուել Կյերե, Գեւորգ Հովհաննիսյան, Աղվան Դավոյան, Արտյոմ Միքայելյան, կիսապաշտպաններ` Տիգրան Դավթյան, Կարեն Ալեքսանյան, Կարեն Մուրադյան, Ջորջ Օդիամբո, Արա Մկրտչյան, Էդուարդ Փանոսյան, Ջակոբ Ապաու, Դավիթ Հակոբյան, հարձակվողներ` Ֆոֆանա Բեկո, Անդրանիկ Բարիկյան, Դամե Դիոպ։ Գյումրու «Շիրակ»-ի գլխավոր մարզիչը Բելգրադում կայացած մարզումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին` մասնավորապես նշելով, որ Բելգրադ ժամանել են դրական արդյունքի հասնելու նպատակով, որի համար պետք է գոլ խփել, քանի որ առաջին խաղում գրանցված 1:1 հաշիվը ձեռնտու չէ: Իհարկե, հակառակորդը շատ ուժեղ է, բայց պայքարելու են երրորդ փուլի ուղեգրի համար:
ՀԱՅ ՄԱՐԶՉԻ ԹԻՄԸ ՀԱՂԹՈՒՄ Է
Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Լուչ էներգիա»-ն, որի գլխավոր մարզիչը հայ Ալեքսանդր Գրիգորյանն է, չորրորդ տուրում սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասավ «Ուֆա»-ի նկատմամբ եւ վաստակեց առաջին երեք միավորները: Հաղթական գոլը 88-րդ րոպեին հեղինակեց Իլյա Միխայլովը:
ՉԵՄՊԻՈՆ`
ԵՌԱՑԱՏԿՈՒՄ
Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Ռիետի քաղաքում անցկացվող աթլետիկայի Եվրոպայի պատանեկան առաջնության եռացատկի մրցումներում: Հայ աթլետի 6 փորձերից լավագույնը ստացվել է երրորդը, որում նա գրանցել է 16,01 մետր արդյունք՝ վստահորեն զբաղեցնելով առաջին տեղը: Լեւոն Աղասյանը գրանցել է մրցաշրջանի լավագույն արդյունքը: Երկրորդ տեղը գրաված ֆինն Քրիստիան Պուլիի արդյունքը 15,88 մետր է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ռուս Վլադիմիր Կոզլովը՝ 15,85 մետր: