Հուլիսի 12-ին տեղեկություն ստացվեց, որ Արարատյան փողոցի 76/4 տան բակում՝ թիվ 39 երթուղայինների վերջնականգառում, մի շարժական գազագլանատակառներով ավտոմեքենա անօրինական գազալիցքավորում է կատարում: «Գազալցակայանի» հիմնական սպառողը ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի վարորդն է իր Toyota Camry մակնիշի 016 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենայով: Ի՞նչ բացատրություն ունի այս ամենին ԱԺ պատգամավորը: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Հանրապետական կուսակցության անդամ Մուրադ Մուրադյանի հետ: -Պարո՛ն Մուրադյան, Ձեզ սպասարկող մեքենան Toyota Camry մակնիշի 016 ՕՕ 11 համարանիշո՞վ է: -Այո՛: -Ինչպե՞ս կբացատրեք այն, որ մեքենան անօրինական գազով է լիցքավորվում: -Ես այդ ժամանակ Հայաստանում չեմ եղել: Կարող եմ անգամ Ձեզ ինքնաթիռի տոմսն էլ ցույց տալ: Նոր եմ վերադարձել Հայաստան: Վարորդս էլ գնացել է, մի տեղից գազ է լցրել: Էդ մարդու մեքենան, որ գազով է, կարո՞ղ է գնա, բենզին լցնի, որտեղ պրծել է, այնտեղ էլ լցրել է: Գիտեք, եթե անկեղծ խոսեմ, ես այդ մեքենան այդքան էլ հաճախ չեմ նստում: Հիմնականում իմ մեքենան եմ վարում: Այդ մեքենայից թոռներս են օգտվում, նրանց դասի են տանում կամ սպորտի դասընթացների: Հիմա դրա մեջ ի՞նչ վատ բան կա, տղա է, գազը պրծել է, այդտեղից է լիցքավորել: -Իսկ Ձեր վարորդը հաճա՞խ է այսպիսի անհայտ ծագումով վայրերից գազ լիցքավորում: -Դե ես քիչ եմ նստում այդ մեքենան: Դե հիմա որ նստում եմ, ի՞նչ իմանամ՝ նա որտեղից է գազ լցնում: Պատկերացրե՛ք, որ տեղ եմ գնում, ու գազը պրծնում է: Մտնում ենք գազ լիցքավորելու տեղը, ի՞նչ իմանան՝ այդ տեղն օրինական է, թե ոչ: -Ուզում եք ասել՝ պատահակա՞ն է եղել, եւ Դուք անօրինական բիզնեսի զարգացման կողմնակի՞ց չեք: -Այո՛, պատահական է եղել: Կամ ասենք, եթե այդ ժամանակ ես այնտեղ լինեի, ի՞նչ է, հանցագործությո՞ւն եմ արել: -Ի վերջո, մտադի՞ր էլ չեք այս աղմուկից հետո պատժել Ձեր վարորդին, որ ավելի զգոն լինի եւ Ձեր անվան հետ չխաղա: -Լավ, ասենք պատժեցի, գյուղացիք ի՞նչ կասեն ինձ: Բա չե՞ն ասի, թե հիմա տղա էր, գնացել էր, մի բան էր արել: Գիտեք, ուղղակի կարելի է վարորդին զգուշացնել, որ էլ կամերաների տակ չընկնի: