ՈՐ ՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանյան լճում անցկացված բայդարկա եւ կանոե թիավարության Հայաստանի առաջնության 70 մասնակիցները ներկայացնում էին Երեւան, Հրազդան, Սեւան քաղաքները եւ Արմավիրի մարզի Ապագա գյուղը: Բացարձակ չեմպիոնի կոչմանն արժանացավ Երեւանի թիավարության ՄՊՄԴ-ի սան Վլադիմիր Ալավերդյանը: Նա առաջինը ճանաչվեց 200 եւ 1000 մետր` մեկտեղանոց, երկտեղանոց (Ռազմիկ Գեւորգյանի ընկերակցությամբ) եւ չորստեղանոց (Ռոման Պալատայանի, Էդգար Գրիգորյանի եւ Ռազմիկ Գեւորգյանի ընկերակցությամբ)  բայդարկավարների մրցումներում:
Կանոե մրցաձեւում նույն մարզադպրոցի սան Հայկ Ստեփանյանը հաղթեց մեկտեղանոց (200 մ) եւ երկտեղանոց (1000 մ` Սերյոժա Գրիգորյանի ընկերակցությամբ) նավակների մրցումներում: Մեկտեղանոց 1000 մ կանոեավարների պայքարում անգերազանցելի էր Սեւանի ջրային մարզաձեւերի մարզադպրոցի սան Իշխան Նազարյանը: Նույն մրցատարածությունում երկտեղանոց նավակների մրցումներում հավասարը չունեցավ նշված մարզադպրոցի երկյակը` Հայկ Ստեփանյան, Սերյոժա Գրիգորյան:
Ինչպես ՀԱՕԿ-ի լրատվության բաժնին ասել է Հայաստանի թիավարության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հարություն Գասպարյանը, ՄՕԿ-ի հովանու ներքո «Օլիմպիական համերաշխություն» կազմակերպության ծրագրի շրջանակներում ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ  իրականացվող ազգային մարզական համակարգի զարգացման ծրագրի շրջանակներում անցկացված մասնագիտական դասընթացներն օգտակար են եղել իրենց համար: Արդեն բարելավվել են արդյունքները, ֆեդերացիայի նախագահ Լեւոն Ղազարյանի միջոցներով վերանորոգվել է Երեւանյան լճի նավամատույցը, կազմակերպվել են ուսումնամարզական հավաքներ, մրցումներ եւ արտագնա գործուղումներ: Ֆեդերացիան ձգտում է բարձրացնել մեր առաջատար մարզիկների վարպետությունը, որպեսզի մասնակիցներ ունենանք 2016թ. Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերում:
Առաջնության արդյունքներով կազմվեցին տարիքային տարբեր խմբերի հավաքականներ: Պատանիները նախապատրաստվում են Կանադայում, իսկ ազգային հավաքականը` Գերմանիայում համապատասխանաբար հուլիսի եւ սեպտեմբերի վերջերին նախատեսված աշխարհի առաջնություններին:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս