Նա հայրենիքի համար տվեց ամենաթանկը՝ կյանքը. հարազատները վերջին հրաժեշտը տվեցին Արցախում զոհված զինծառայողին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված պայմանագրային զինծառայող, հետախույզ Սասուն Մկրտչյանի հոգեհանգտի արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, հերոսին վերջին հրաժեշտը տալու էին եկել մի խումբ պատգամավորներ, ՊՆ ներկայացուցիչներ, նրա ծառայակիցները, հարազատները, ընկերներն ու հարյուրավոր քաղաքացիներ: Լրագրողների հետ զրույցում զոհված զինծառայողի հարազատներից Ռադիկ Սամոյանն ընդգծեց, որ Սասունը Արևմտյան Հայաստանից գաղթած սասունցի ընտանիքի ժառանգ էր: «Այսօր դժվար թե որևէ մեկը կարող է կասկածել, որ Սասունը չէր ցանկանում լինել այն տղաներից մեկը, ովքեր սահմանին կանգնած պաշտպանում են իրենց հայրենիքը, Արցախը, որովհետև Սասուն գնալու ճանապարհն Արցախով է անցնում: Կեցցեն այն տղաները, ովքեր պահում են մեր սահմանները: Հազար ափսոս, որ երիտասարդներ են զոհվում, ափսոս, որ մենք այդպիսի զինվորներ ենք կորցնում:

2

 

Բայց հայրենիքի սահմանները պաշտպանելու համար զոհեր տալու համար, կարծում եմ, մենք չպետք է կախենք մեր գլուխները: Մի ժամանակ մենք էինք պաշտպանում, հիմա էլ մեր երեխաներն ու ժառանգներն են անում մեր կիսատ թողած գործը: Սասունն իր վրեժը լուծում էր, բայց դա անում էր՝ խաղաղություն ցանկանալով: Ոչ մի հայ ընտանիք պատերազմ չի ցանկանում, բայց մենք կարող ենք առ Աստված երդվել, եթե որևէ պահ լինի, որ ազգովի պետք է կանգնած լինենք, դա կլինի:

3

Փառք ու պատիվ մեր հերոս տղաներին»,­ նշեց Սամոյանը: Սասունի հորեղբայրը՝ Սասուն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նա 27 տարեկան էր, ծառայել է բանակում, որից հետո անցել է պայմանագրային զինծառայության: «Նա Արցախում էր ծառայում, ծառայության ընթացքում աչքի էր ընկել ու տեղափոխվել հատուկ ջոկատ: Նա մեծ հարգանք էր վայելում թե ընկերության, թե հարազատության, թե ծառակիցների շրջանում: Շատ հայրենասեր տղա էր, դրա համար էլ չհրաժարվեց զինվորական համազգեստից և շարունակեց ծառայությունը. հենց այդ հագուստով էլ զոհվեց»,­ ասաց Մկրտչյանը: Նա հավելեց, որ վերջին անգամ Սասունի հետ խոսել է ապրիլի 2­ին, առավոտյան ժամը 12:00-­ի սահմաններում:

1

«Այդ ժամանակ նա նոր էր դիրք բարձրացել: Հարցրեցի՝ ո՞նց է վիճակը, պատասխանեց՝ հոպար, ամեն ինչ լավ է: Ես ասացի՝ գլուխդ ցածր պահի, նա խնդաց, սկսեց ինձ ձեռ առնել, իսկ այսօր կյանքը տվեց հայրենիքի համար»,­ եզրափակեց նա: ԼՂՀ ՊՆ N զորամասի հրամանատարի անձնակազմի տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Դանիելյանն ընդգծեց, որ Սասունն արդեն 4 տարի է՝ ինչ ծառայում էր իրենց զորամասում և աչքի է ընկել միայն դրական կողմերով: «Նա կամավոր եկել է մեր զորամաս և ցանկություն հայտնել ծառայել հանուն հայրենիքի: Նա շատ ընկերասեր էր, պարտաճանաչ զինծառայող էր:

Բազմաթիվ անգամներ խրախուսվել է հրամանատարության կողմից տարբեր տեսակի պատվոգրերով, արժեքավոր նվերներով, դրամական պարգևներով, ինչպես նաև մեդալներով»,­ ընդգծեց Դանիելյանը: Փոխգնդապետը շեշտեց, որ հայոց բանակում նրա նման զինծառայողներ շատ կան, ովքեր պատրաստ են շարունակել նրա գործը: «Ցավոք, այս Սասունը ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց ես համոզված եմ, որ մնացած զինծառայողները նրա գործը կշարունակեն: Նա շատ մեծ հերոսություն է կատարել, որի հետևանքով ամենաթանկը՝ կյանքը տվել է հանուն հայրենիքի»,­ եզրափակեց Դանիելյանը:




Լրահոս