«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 2-ին՝ առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում, Ստեփանակերտի փողոցներում անսովոր եռուզեռ էր: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդը լայնածավալ գործողություններ էր սկսել հայ դիրքապահների ուղղությամբ:
Ես եւ իմ գործընկերներից Արփինե Թովմասյանը ապրիլի 2-ի առավոտյան ժամը 9:30-ին ականատես եղանք, թե ինչպես էին Ստեփանակերտ քաղաքի փողոցներով տանկերը շտապում մարտական դիրքեր: Վաղ առավոտից Ստեփանակերտում դիրքեր գնացող տանկերի ճանապարհը կարգավորում էին ոստիկանները, իսկ փողոցում հավաքված քաղաքացիները, թեեւ արդեն տեղեկացված էին, որ ունենք կորցրած դիրքեր, սակայն խուճապի չէին մատնվել: Տղաները խումբ-խումբ Ստեփանակերտի հրապարակով անցնող տանկերին եւ զինված խմբերին «բացատրում» էին, թե թշնամին լավ առիթ տվեց ու հիմա կստանա արժանի պատասխանը. «Հաղթանակը միշտ էլ մերն է եղել»:
Ու մինչ տարբեր լրատվական կայքերում տեղեկություններն էին տարածվում, թե սահմանին ինչ է կատարվում, հայկական կողմը քանի կորուստ ունի եւ ինչ դիրքեր է զիջել, ժամը 14:00-ի սահմաններում ԼՂՀ մի խումբ ազատամարտիկներ, հավաքվելով ԼՂՀ ազատամարտիկների միության շենքի մոտ, անդամագրվում էին, որպեսզի իրենք էլ իրենց հերթին սատար կանգնեն հայ զինվորին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԼՂՀ ազատամարտիկ Ալեքսանդր Հայրապետյանն ասաց. «Ես պատրաստ եմ, որովհետեւ դիրքերում մեր երեխեքն են: Մենք մեր երեխեքին թեւ ու թիկունք պետք է կանգնենք: Նրանք այն արահետները չեն ճանաչում, որոնք մենք ենք ազատագրել: Պահը եկել է ու հայրենիքից քաղցր բան չկա: Այս հողը մերն է, ու թուրքը ինչքան էլ թպրտա, կյանքում թուրք եղել է ու թուրք էլ կմնա: Ինքն այդքան պլոճիկ չունի, որ մեր սահմաններն անցնի, քանի կանք, անելու ենք»: Կամավորների կոքին 4-5 տարեկան երեխաներ էին կանգնած, որոնց ձեռքներին գունավոր մատիտներով տանկ ու ինքնաթիռ նկարած փոքրիկ պաստառներ կային, իսկ մեջտեղում՝ իրենց ծնողները:
Այսպիսով՝ ազատամարտիկները հերթագրվելուց հետո գնացին տուն՝ սպասելով համապատասխան զանգին, որ գնան սահման: Այդ ընթացքում Երեւան քաղաքից եւ ՀՀ տարբեր մարզերից Ստեփանակերտ էին գալիս հազարավոր կամավորներ եւ իրենց պատրաստակամությունը հայտնում սահման գնալու եւ հայ զինվորի կողքին կանգնելու: Հենց նույն ժամանակահատվածում Ստեփանակերտի հրապարակով անցնում էին շտապօգնության մեքենաները եւ հիվանդանոց էին տեղափոխում տարբեր շրջաններում վիրավորում ստացած զինվորներին եւ քաղաքացիներին:
Ավելի ուշ՝ ժամը 19:00-ին մոտ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպեց Երեւանից ժամանած լրագրողներին եւ ներկայացրեց սահմանում տիրող իրավիճակը: Ըստ ԼՂՀ նախագահի՝ իրադրությունը սահմանում լարված է, սակայն անկախ ամեն ինչից. «Արցախը մեր պատիվն ու արժանապատվությունն է, եւ ես ուզում եմ, որ իմանաք՝ մենք բարձր ենք պահում այդ պատիվը ամեն գնով ու ցանկացած իրավիճակում»:
Նկատենք, որ ողջ գիշեր քաղաքի կենտրոնական հրապարակում շարունակվում էին զինվորագրման աշխատանքները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-30 տարեկան տղաները, մարտական տրամադրված, նստում էին դիրքեր մեկնող միկրոավտոբուսները եւ շտապում իրենց ընկերներին օգնության: Եւ այդպես մինչ օրս: Ազատամարտիկների միության շենքի առջեւ հերթը շարունակվում է:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում երիտասարդ տղաներից մեկը՝ Արամայիս Հարությունյանը, որը Ստեփանակերտի հրապարակ էր եկել ընկերների հետ, ասաց, թե հակառակորդի այս գործողություններն իրենց համար ոչինչ են, քանի որ ծառայության ընթացքում ուսումնասիրելով թշնամուն՝ հասկացել են, որ շատ վախկոտ է. «Այստեղ բոլորս էլ ծառայած տղեք ենք ու լավ տիրապետում ենք մեր գործին: Այստեղ, առհասարակ, հավաքված բոլոր տղաները հստակ գիտեն, որ գնան դիրքեր, ինչ են անելու, ու մեր առջեւ ինչ առաջադրանք կա: Գիտեք՝ մենք մենակ չենք, քանի որ շատ ոգեւորիչ է, որ Երեւանից գալիս են երկրապահները, կամավորները, մեզ պես ջահել տղերքը, ինչը ավելի է մեզ ամուր դարձնում»:
Անկախ ստեղծված իրավիճակից, սահմանից հասած տեղեկություններից եւ հայկական կողմի կորուստներից՝ արցախցի ոգին չի կոտրվում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ստեփանակերտ»: