Դատելով տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ծայր առած բողոքի ալիքի շարունակությունից` «Երեւանի վերջին 20 տարվա ամենալավ քաղաքապետի» գործերը խառն են: Այնքան խառը, որ նրան այդպիսի բնորոշում տված ընկերներից ոչ մեկը չի հանդգնում պաշտպանել: Այն երիտհանրապետականները, որոնք ընդամենը երեք ամիս առաջ հպարտությամբ աջուձախ նշում էին, թե Տարոնն «իրենց կադրն» է, այս օրերին, բերանները ջուր առած, լռում են: Իսկ ի՞նչ է պատահել, եւ ինչո՞ւ են նրանք ավելի «թրջված», քան երեկ քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստները: Բանն այն է, որ արդեն գրեթե բոլորի համար էլ տեսանելի է, որ հակատարոնական տրամադրությունները ոչ միայն եւ ոչ այնքան ժողովրդի մեջ են, որքան իշխանական վերնախավում: Եվ գնալով ավելի ու ավելի համառ են դառնում այն խոսակցությունները, որ առաջիկայում Տարոն Մարգարյանն էլ կհետեւի «վերջին 20 տարվա ոչ այդքան լավ քաղաքապետ» կոլեգաներին` հրաժարական տալով: Արդյոք Տարոն Մարգարյանի դեմ սկսված այս արշավի իրական պատճառը նրա` թույլատրելի սահմանը հատած հավակնություններն էին (ինչի մասին գրեց մամուլը` նշելով, որ Տարոնն ասել է, թե 2018 թ. նախագահական ընտրություններում ինքը խնդիր չի ունենա առանց որեւէ մեկի « դաբրոյի» հաղթելու, ինչն էլ դուր չի եկել համապատասխան մարդկանց), թե կան այլ պատճառներ` մասնավորապես տրանսպորտի թանկացման որոշումը Սերժ Սարգսյանի հետ չքննարկելը (ինչի մասին եւս քիչ չեն պնդումները), դժվար է ասել, եւ ըստ էության, դա անգամ կարեւոր էլ չէ: Այստեղ ավելի կարեւոր է այն, որ մեր երկրում անգամ ընտրովի մարմինների ղեկավարների գործունեությունը կախված է բացառապես մեկ մարդու բարեհաճությունից: Դրա վառ օրինակը մենք տեսանք թե՛ Գագիկ Բեգլարյանի, թե՛ Կարեն Կարապետյանի դեպքում: Ընդ որում, եթե առաջինը գոնե հանրությանը ինչ-ինչ բացատրություններ ներկայացրեց, ապա Կարեն Կարապետյանի հրաժարականի պատճառը մինչ օրս էլ ըստ էության պարզ չէ: Սակայն Տարոն Մարգարյանի դեպքում իրավիճակը փոքր-ինչ այլ է, քանի որ նրան ՀՀԿ վերնախավը առանձնակի ոգեւորությամբ է քարոզել, եւ «Երեւանի վերջին 20 տարվա ամենալավ քաղաքապետի» գովասանքների մասին հիշողությունը դեռ շատ թարմ է, չէ՞ որ դեռ երեք ամիսն էլ չի լրացել: Ուստի, եթե հիմա ի վերջո որոշվի Տ. Մարգարյանին «համոզել», որ հրաժարական տա, դա լինելու է նախ եւ առաջ ամբողջ ՀՀԿ-ի պարտությունը: Քանի որ այդպիսով փաստվելու է, որ ողջ ՀՀԿ-ն ընդամենը երեք ամիս առաջ ստում էր` ասելով, թե Տարոնն ամենալավն է: Եթե չէր էլ ստում, ապա խայտառակ ձեւով սխալվում էր, ինչը գրեթե նույնքան վատ է: Իսկ եթե Սերժ Սարգսյանը որոշի այնուամենայնիվ բավարարվել Տ. Մարգարյանի «թեւերը կտրելով» եւ նրա վարկանիշը զրոյականին մոտ նիշում պահելով` ապա դա էլ շատ վատ կանդրադառնա Երեւան քաղաքի կառավարման վրա:
ԱՄԵՆԱԼԱՎԸ ԻՆՔՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ