ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԵԿ ԱՐԾԱԹ, ԵՐԿՈՒ ԲՐՈՆԶ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը, որը հուլիսի 23-27-ը մասնակցում էր Սանկտ Պետերբուրգի միջազգային մրցաշարին, հայրենիք վերադարձավ ոչ ձեռնունայն: Մեր տղաները նվաճեցին մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը պատմեց, որ կիսաեզրափակիչ հասած երեք տղաներից միայն Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի սան Նարեկ Աբգարյանին (52 կգ) հաջողվեց մտնել վճռական` եզրափակիչ փուլ: Այստեղ նրա մրցակիցն աշխարհի երիտասարդների փոխչեմպիոն Մուրադջան Ահմադալիեւն էր (Ուզբեկստան). «Նարեկը, կարելի է ասել, չպարտվեց, բայց նաեւ չհաղթեց: Ի վերջո, երկար մտածելուց հետո մրցավարները նախապատվությունը տվեցին Ահմադալիեւին»: Երրորդ մրցանակակիր դարձան վանաձորցի Արարատ Մխիթարյանը (56 կգ) եւ էջմիածինցի Արա Պուլուզյանը (64 կգ): Իսկ հավաքականի մեր մյուս երեք տղաները նախնական փուլերում ձախողվեցին եւ անմասն մնացին խաղարկված պարգեւներից:
Հավելենք, որ մրցաշարը ներկայացուցչական էր, եւ 22 թիմերում քիչ չէին հեղինակությունները: Մասնակիցների եւ մարզիչների համար նաեւ ընտրական բնույթ էր կրում ստուգատեսը. աչքի ընկած բռնցքամարտիկներով պետք է համալրվեն հավաքականները, որոնք կմասնակցեն հոկտեմբերի 11-27-ն Ալմաթիում անցկացվելիք աշխարհի առաջնությանը: Իսկ կոնկրետ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 8-ից ուսումնամարզական հավաք կսկսի Ծաղկաձորում, եւ չի բացառվում, որ մեր տղաներին միանան Ռուսաստանի, Լիտվայի, Թուրքմենիայի եւ Գերմանիայի բռնցքամարտիկները:
Կ. Աղամալյանը նշեց նաեւ, որ մեր հավաքականի կազմը դեռեւս չի ճշգրտվել. «Ունենք 8-10 հավասարազոր հնարավորություններով մարզիկներ: Հույս ունենք, որ Ուկրաինայում բնակվող գերծանրքաշային Արմեն Սիմոնյանին բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան կթույլատրի հանդես գալ մեր թիմի կազմում: Սպասում ենք միջազգային ֆեդերացիա ուղարկած մեր նամակի պատասխանին: Բարձր պատրաստականությամբ մարզիկներ չունենք 69, 81 եւ 91 կգ քաշային կարգերում, ուստի ստիպված հավաքականն աշխարհի առաջնություն կուղարկենք թերի կազմով»:

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ԲԵԼԳՐԱԴՈՒՄ
Այս օրերին` հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 3-ը, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթանում է շախմատի Եվրոպայի կանանց 14-րդ անհատական առաջնությունը: Հայաստանն այդ ստուգատեսին ներկայացնում են գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը եւ միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը։ Մեկ այլ հայ շախմատիստուհի` միջազգային վարպետ Ալինա Բալայանը, հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո։
Անցկացված վեց տուրերից հետո գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանն ունի 4,5 միավոր: Վերջին տուրում Լիլիթը ոչ-ոքի է խաղացել Բելա Խոթենաշվիլու հետ եւ առաջատարին՝ Նինո Խուրթսիձեին, զիջում է 1 միավորով։ Գրոսմայստերներ Մարիա Կուրսովան եւ Լիլիթ Գալոյանն ունեն 3,5-ական միավոր։ Միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը եւ Ռուսաստանը ներկայացնող Ալինա Բալայանն ունեն 3-ական միավոր։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս