Ուժը զինատեսակի ժամանակակից լինելու մեջ չէ, ավելի ճիշտ՝ ամբողջովին դրա մեջ չէ, ուժը տանկերի թվի մեջ չէ, այլ ուժը այն հավատի մեջ է, որ կա ղարաբաղցիների և ընդհանրապես հայ ժողովրդի մեջ, որ ամեն գնով պաշտպանելու են իրենց հայրենիքը, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ռազմական տեխնիկայի մասին հարցին:
«Իրոք, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և մենք գտնվում ենք անվտանգության նույն համակարգում: Եվ բնական է, որ մենք ցավ ենք զգում, երբ որ Ռուսաստանը և ոչ միայն Ռուսաստանը, այլ այդ կառույցի անդամ երկրները զենք են վաճառում Ադրբեջանին: Բայց շատ լավ հասկանում եք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են ազդելու այդ պռոցեսի վրա: Միայն մի բան կարող եմ ասել, այո, այսօր Ադրբեջանը երևի թե ունի ավելի ժամանակակից զինատեսակներ, և այս երեք օրվա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ իրոք այդ զինատեսակները գործում են:
Բայց ուժը զինատեսակի ժամանակակից լինելու մեջ չէ, ավելի ճիշտ՝ ամբողջովին դրա մեջ չէ, ուժը տանկերի թվի մեջ չէ, այլ ուժը այն հավատի մեջ է, որ կա ղարաբաղցիների և ընդհանրապես հայ ժողովրդի մեջ, որ ամեն գնով պաշտպանելու են իրենց հայրենիքը: Այո, մենք կռվում ենք հիմնականում 80-ական թվականների զենքով, բայց այս երեք օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում և՝ արդբեջանցիներն ինչքան կորուստներ ունեն, և մենք ինչքան կորուստներ ունենք: Մենք ինչպես ենք վերաբերում մեր կորուստներին, մեր հասարակությանը՝ ամեն վայրկյան անգամ տեղեկացնելով հանրությանը, թե ինչ կորուստ ունենք, քանի մարդ է զոհվել, քանիսը՝ վիրավորվել, քանի տեխնիկա ենք կորցրել, իսկ փորձեք Ադրբեջանում մի այդպիսի տեղեկություն գտնել՝ չեք կարող գտնել»,- ասել է Սերժ Սարգսյանը:
«Գիտեք` պատերազմը շատ վատ բան է: Դա ես նորություն չեմ ասում, բայց մյուս կողմից այս երեք օրերի պատերազմը ցույց տվեց, որ ազատ հասարակությունում ավելի հեշտ է կռվել, քան այլ հասարակություններում, որովհետև ժողովրդի սատարումն ամենամեծ բանն է: Այ ուժը դրա մեջ է»,- ասել է նա: