Ոչ մի նվեր` թշնամուն. երեւանյան թատրոնների խաղացանկից կատակերգությունները չեն հանվի. այլ է պատկերը կինոթատրոնների դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ապրիլի 2-ից իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ սրվել է: Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով: 1994-ին հաստատված հրադադարի ռեժիմից հետո սրանք ամենախոշոր գործողություններն են, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր: Ու թեեւ ապրիլի 5-ին 12:00-ի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակը դադարեցված է, իրավիճակը շարունակում է մնալ լարված:

«Ժողովուրդ»-ը Երեւանի կինոթատրոնների եւ թատրոնների շրջանում հարցում է անցկացրել` պարզելու համար սահմանում տիրող իրավիճակը կամ զոհեր ունենալու հանգամանքն արդյոք առիթ հանդիսացե՞լ է, որ նրանք վերանայեն իրենց ֆիլմացանկերն ու խաղացանկերը: «Մոսկվա», «Նաիրի», «Հայաստան», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոններից մեզ տեղեկացրին, որ իրենց ֆիլմացանկից հանվել են հայկական կատակերգությունները` «Առաջին դեմք»-ը, «Փախիր կամ ամուսնացիր»-ը, մի մասի դեպքում հանվել է նաեւ արտասահմանյան արտադրության «Առաքելություն Մայամիում» կատակերգությունը:

Իսկ, ահա, թատրոնների պարագայում իրավիճակը բոլորովին այլ է: Երեւանյան ոչ մի թատրոն չի պատրաստվում իր խաղացանկից հանել որեւէ ներկայացում, այդ թվում` կատակերգություն:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շեշտեց, որ ոչ մի լարված իրավիճակ չի կարող ժողովրդին կտրել հոգեւորից. «Ուրեմն թուրքի պատճառով պետք է ներկայացում հանե՞նք: Խաղում էլ ենք, միջոցառումներ էլ ենք կազմակերպում, մանավանդ որ այս պահին կրակը դադարեցված է: Ի դեպ, ասեմ, որ երբ մեր թատրոնը ներկայացումներ էր ունենում Արցախյան պատերազմի ժամանակ, դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ երբ Կարպ Խաչվանքյանը մտնում էր բեմ, դահլիճն ուղղակի ալեկոծվում էր: Ասում էինք` երանի հակառակորդը գար, նայեր, կասեր` էս ժողովրդին հաղթել չի լինի»:

Նույն կարծիքին է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը. «Մեզ մոտ ոչ մի ներկայացում չի հանվել: Մեր պարտքն է մեր գործը նորմալ անել, ժողովրդին լավ տրամադրություն հաղորդել, որ վերջինս լարվածությունից ձերբազատվի: Ի դեպ, մեր թատրոնն իր ուժերի ներածին չափով օգնում է հայ զինվորներին»,-ասաց նա:

Համազգային պետական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն էլ «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ոչ մի ներկայացում խաղացանկից չի հանվել եւ չի հանվելու. «Մենք չպետք է մեր «դուխը» կոտրենք: Շարունակում ենք ապրել եւ աշխատել հաղթողի հոգեբանությամբ: Ինչո՞ւ չպետք է ուրախանանք. թող ադրբեջանցիները լաց լինեն ու սեւ հագնեն: Մենք մեր կյանքը պետք է շարունակենք ապրել դեռ ավելի արագ տեմպով»,-մեկնաբանեց նա` հավելելով, որ Համազգային թատրոնը եւս իր նյութական աջակցությունն է ցուցաբերել Արցախում անձնվիրաբար մարտնչող մեր հայ զինվորներին:

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ զայրանում է, երբ, ինչպես ինքն է ասում, ժողովրդի որոշ հատվածի շրջանում տեսնում է ողբալու պատրաստակամություն. «Ոչ մի ներկայացում չի հանվելու. մենք նման նվերներ թշնամուն չենք անում: Եթե պետք լինի, մենք կշարունակենք ե՛ւ պատերազմել, ե՛ւ մշակույթով, գիտությամբ, տնտեսությամբ զբաղվել. սա լավագույն պատասխանն է հակառակորդին. ողբս ո՞րն է: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Երեւանում բացվեց Երաժշտական կոմեդիայի թատրոնը, մեր դերասանները ժողովրդին կատակերգություն էին մատուցում, իսկ պատերազմական շրջանում ողբերգություն ցույց տալը նշանակում է ժողովրդի մեջքից դանակով խփել: Մենք կռվում ենք հանուն մեր կյանքի, ոչ թե մահանալու համար: Հիշենք, որ մեր բազմաթիվ հերոսներ երգով են գնացել կռվի: Ապրել, ուրախանալ է պետք»,- եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս