Երեկ հրապարակվեց ղարաբաղա-ադրբեջանական ճակատում վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների նոր տվյալներ: Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է նաև շարքային Գոռ Կիրակոսյանը, ով Արմավիրի մարզի Արևիկ գյուղից էր: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` 18:00-ին, իսկ հուղարկավորությունը` վաղը 14:00-ին:
Արևիկի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը նշեց, որ Գոռի ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում: Գյուղապետը պատմեց, որ Գոռի հայրն ու եղբայրն այս օրերին արտագնա աշխատանքով գտնվում են Ռուսաստանում և երեկ են վերադարձել` զինվորի մահվան բոթը ստանալուց հետո:
«Մեծ եղբայրը`Գրիգորը, ծառայել է, երկու տարի առաջ էր զորացրվել: Հոր հետ գնացել էր Ռուսաստան`աշխատելու, այս գիշեր են եկել: Այստեղ չէր ստացվում, պարտք ունեին շատ, աշխատում էին, որ գոնե ապրեին», – նշեց գյուղապետը: