Կոնգրեսականները կոչ են արել Օբամային զրոյացնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային զրոյացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ՝ հայտարարությունը ստորագրել են հայկական հարցերի հանձնախմբի համանախագահներ հանրապետական Ռոբերտ Դոլդը և դեմոկրատ Ֆրենկ Փալոունը: Նամակում կոչ է արվում հստակորեն դատապարտել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունները, դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին և անհապաղ օժանդակություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին: Կոնգրեսականները նաև կոչ են արել ԱՄՆ նախագահին պետական դեպարտամենտից փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ` գնահատելու համար ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախի բնակչության կրած վնասները:

«Ադրբեջանի հարձակումները ցույց են տալիս նախագահ Ալիևի քայքայիչ ագրեսիայի տեսակը, որն ուղեկցվում է պատերազմի վերսկսման սպառնալիքներով, հակահայկական ատելության խթանմամբ և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ: Այս հարձակումները ցույց են տալիս նաև Ալիևի երազանքը` գործել միջազգային անպատժելիության մեջ, որն էլ դրսևորվեց Ձեր վարչակազմի կողմից աջակցություն ստացած և շատ անհրաժեշտ Ռոյս-Էնգել առաջարկների մերժմամբ»,- նշված է նամակում:

Նույնատիպ բովանդակությամբ և Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման կոչով կոնգրեսականները մեկ այլ նամակ էլ հղել են Կոնգրեսի արտաքին հատկացումների հանձնաժողովի համանախագահներ Քեյ Գրենգերին և Նիտա Լոուիին:

 




Լրահոս