ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե հայկական կողմը դեմ չէ, որպեսզի ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղակայվեն խաղաղապահ ուժեր:
«Եթե պնդում են` մենք դեմ չենք, բայց որևէ անգամ մենք խնդրանքով հանդես չենք եկել»,- ասել է նա` չմասնավորեցնելով, թե քաղաքական կենտրոններից հատկապես որն է պնդում ` Ռուսաստա՞նը, ԱՄՆ-ն, թե՞ ԵՄ-ն, որպեսզի խաղաղապահներ տեղակայվեն: Բաղդասարյանը միայն նշել է, թե ոչ մի կողմն էլ չի պնդում, պարզապես նման քննարկումներ և առաջարկութուններ կան:
«Մենք մեր հույսը պետք է դնենք մեր ժողովրդի մոբիլիզացիայի վրա, որևէ բանակցության, որևէ երկրի վրա հարկավոր չէ հույս դնել»,- այնուամենայնիվ ամփոփել է Բաղդասարյանը:
Թե ինչու է Հայաստանի` խաղաղապահների տեղակայմանը դեմ չլինելու մասին հայտարարում ոչ թե ԱԳ նախարարը, կամ ԱԳ փոխնախարարը, այլ ՀՀԿ խմբակցության ղեկավարը, դժվար է ասել: Ըստ ամենայնի` Բաղդասարյանի այս հայտարարությունը նաեւ ստուգողական նշանակություն ունի` թե ներքին, թե արտաքին արձագանքի առումով, եւ անհրաժեշտության դեպքում` միշտ էլ կարելի է ասել, որ դա Աժ պատգամավորի կարծիքն է, եւ ոչ թե Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը:
Համենայն դեպս, փորձագիտական շրջանակներում կարծիք կա, որ այս օրերին հրադադարի նոր համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը մասամբ պայմանավորված է նրանով, որ այն ստորագրող միակ հայկական կողմը լինի Հայաստանի Հանրապետությունը, որը կարող է դիմել ՄԱԿ-ին` խաղաղապահներ տեղակայելու խնդրանքով: Մինչդեռ Արցախը, լինելով չճանաչված հանրապետություն, նման բան անել չի կարող:
Ինչևէ. հուսանք այսօր երեկոյան կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստից հետո նաեւ այս հարցի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ կներկայացվեն: