«ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿԻԶԲ ԵՆ ԱՌԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սրման վերաբերյալ միջազգային հարթակում ակտիվորեն հորդորում են դադարեցնել կրակը եւ խաղաղություն հաստատել, իսկ քաղաքագետները եւ քաղաքական գործիչներն էլ տարբեր վերլուծություններ են անում այն մասին, թե ում դրդմամբ Ադրբեջանը դիմեց նման քայլի:

«Ժողովուրդ»-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումների շուրջ զրուցել է չեխ ռազմական լրագրող, Եվրոխորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան եւ ԵՄ-Ադրբեջան խոհրդարանական համագործակցության, ԵՄ-Վրաստան խորհրդարանական ասոցիացիայի հանձնաժողովների պատվիրակության, ինչպես նաեւ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Յարոմիր Շտետինայի հետ:
-Նախ եւ առաջ կխնդրեմ օբյեկտիվորեն ներկայացնել Ձեր դիրքորոշումը վերջին օրերին շփման գծում տարվող ռազմական գործողությունների վերաբերյալ:
-Ես կարծում եմ՝ այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում դեռ 90-ականների սկզբից նախորդ դարի 20-ական թվականների սովետական քաղաքականության ժառանգությունն է, որը կարող ենք համարել պատմական հանցագործություն, քանի որ Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը, միանշանակ, հայկական հող է: Ստալինը եւ նրա հետեւորդները շատ լավ գիտեին, որ այն շատ հարմար օջախ է Ադրբեջանին եւ Հայաստանին վերահսկողության տակ պահելու համար: Գիտեք, ես կարծում եմ, որ այս կոնֆլիկտում պետք է աջակցել Հայաստանին, քանի որ չաջակցելը կնշանակի, որ մենք ընդունում եւ խելամիտ ենք համարում սովետական իշխանությունների այդ որոշումը:
-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ այժմ վերսկսվեցին գործողությունները:
-Կարծում եմ, որ կան մի շարք պատճառներ, որոնցից մեկը, օրինակ, Ալիեւի ներքին քաղաքականությունն է: Ալիեւը կիրառում է ծանոթ երեւույթ. նա պետք է մի կերպ ցույց տա իր ժողովրդին իր ուժը եւ ժամանակ առ ժամանակ պատերազմ սկսի, իսկ մյուս պատճառը, թերեւս, աշխարհաքաղաքական է. այստեղ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի դերն է, նրանք խաղում են իրենց խաղերը: Եվ ես գիտեմ, որ Ռուսաստանը այդ աշխարհաքաղաքական տարածքում օգտագործում է Հայաստանին որպես խոշոր ռազմական բազա, ինչպես նաեւ կարծում եմ, որ Ռուսաստանը այս իրավիճակը օգտագործում է՝ ծառայեցնելով իր քաղաքական նպատակներին:
-Ի վերջո, Ձեր դիտարկմամբ՝ ո՞վ սկսեց, ո՞վ էր նախաձեռնողը:
-Ես մոտ 20 տարի առաջ լուսաբանել եմ Լեռնային Ղարաբաղի դեպքերը, տեսել եմ իրավիճակը, որում այն հայտնվել է: Այդ ժամանակներից ի վեր արդեն գործում էր Մինսկի գիտաժողովը, որը պատերազմի դադարեցման գործում ոչինչ չարեց: Եվ ինչ էր մնում անել հայերին, երբ սովետական զորքերը Վիկտոր Պոլյանիչկոյի գլխավորությամբ հարձակվեցին հայ բնակչության վրա. պարզապես զենք վերցնել ու կռվել իր երկրի համար: Կարծում եմ, որ այս գործողությունների նախաձեռնողը ակնհայտորեն Բաքուն է: Մի մոռացեք, որ Բաքուն ձգտում է ոչ միայն վերցնել Կարմիր Քուրդիստանը, Լաչինը, այլեւ Ղարաբաղը ամբողջությամբ, ինչը, ռազմական տեսանկյունից դիտարկելով, չի ստացվել Ադրբեջանի մոտ, եւ կարծում եմ՝ դժվար էլ ստացվի: Այս կոնֆլիկտը կշարունակվի, կսառեցվի, բայց նրանք երբեք Արցախը չեն վերցնի:
-Ի՞նչ եք կարծում՝ հրադադարի մասին նախօրեին ձեռք բերված համաձայնությունը որքանո՞վ հաստատուն կլինի:
-Ես կարծում եմ, որ հրադադարի առաջարկը Ադրբեջանի կամքով չի եղել: Նրանց, պարզապես, պետք է մի քանի ժամ կամ մի քանի օր հանգստանալ: Դա դեռ չի նշանակում, որ հրադադարը վերջնական կգործի: Կարծում եմ՝ գործողությունները դեռ կշարունակվեն:
-Անդրադառնանք միջազգային հանրության արձագանքին, այն որքանո՞վ էր համարժեք, կարծես կոչերից եւ հորդորներից բացի՝ առարկայական քայլեր չեն արվում: Ինչո՞ւ:
-Դա նորություն չէ, քանի որ, ինչպես ասացի, դեռ 90-ական թվականներից, երբ իմ երկիրը՝ նախկին Չեխոսլովակիան, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ էր, ոչինչ չէր արվում: Այսօր, իրոք, ժամանակն է, որ տարածքային ագրեսիայի այս պայմաններում աջակցեն Հայաստանին: Չնայած վախենամ՝ Մինսկի խմբի կողմից այսօր նույնպես ոչ մի գործողություն չի լինի, եւ ղարաբաղյան հարցում կշարունակվի նույն անզորությունը:
-Շրջանառվում է նաեւ կարծիք, որ սա Թուրքիայի եւ Ռուսաստանի պայքարն է, իսկ մեջտեղում Սիրիան է, ի՞նչ կասեք այս առումով:
-Գաղտնիք չէ, որ Թուրքիան վաղուց է աջակցում Ադրբեջանին, եւ մյուս կողմից կարելի է ասել, որ Ռուսաստանն էլ, ակնհայտորեն, աջակցում է Հայաստանին: Հայաստանը այն երկիրն է, որը թշնամիներ ունի ե՛ւ արեւմուտքում, ե՛ւ հյուսիսում: Կարող եմ միայն ասել, որ հայ-թուրքական կոնֆլիկտը՝ այդ պատմական հիշողությունը, գոյություն ունի: Տարիների ընթացքում Հայաստանը քիչ-քիչ փոքրանում էր, եւ այդ պատմական վախը մինչ օրս ապրում է հայերի սրտում: Իսկ Թուրքիան, իհարկե, միշտ դա օգտագործելու է:
-Եթե հետեւել եք այս օրերի լրահոսին, հավանաբար տեղյակ եք ադրբեջանական կողմի իրականացրած վայրագություններից. մասնավորապես գրանցվել են խոշտանգման դեպքեր գյուղերի ծեր բնակիչների, բազմաթիվ զինվորների նկատմամբ: Ի՞նչ եք կարծում այս առնչությամբ:
-Ինչպես նշեցի՝ Արցախյան պատերազմի ժամանակ ես ամիսներ շարունակ ապրել եմ Ղարաբաղում, աշխատել եմ այնտեղ որպես լրագրող: Հավատացեք՝ տեսել եմ գլխատված զինվորներ երկու կողմերից էլ, սակայն ոչ բնակիչներ: Պատերազմը դպրոցում երեխաների նախաճաշ չէ, դա սարսափ է, իսկ փոխադարձ ատելություն, բնականաբար, զարգանում է: Ես հիշում եմ՝ ինչպես էին սովետական իշխանությունները, ադրբեջանցիները վտարում հադրութցիներին, հիշում եմ նրանց հոսքը դեպի Ստեփանակերտ եւ այդպես շարունակ: Սակայն նաեւ հիշում եմ ադրբեջանցիներին, որոնց ճակատագրերն էի լուսաբանում, եւ որոնք երկար ժամանակ է՝ ապրում էին երկաթուղային կայարաններում, իսկ Բաքուն նրանց համար ոչինչ չէր անում: Այո, այդ ատելությունը, պարզապես, գոյություն ունի, որից ծնված վայրագությունները միշտ էլ սկիզբ են առել ադրբեջանական կողմից: Եկե՛ք չմոռանանք, որ արդարությունը պատմականորեն Հայաստանի կողմն է:

Զրուցեց ՍՅՈՒԶԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

 

 

 

«ՄԵՆՔ ՉԵՆՔ ՎԱԽԵՆՈՒՄ ԹՇՆԱՄՈՒՑ»

ՀՀ Տավուշի մարզը Ադրբեջանի հետ ունի շուրջ 350 կիլոմետր սահման, որից 17 կիլոմետրը բաժին է ընկնում Բարեկամավան գյուղին: Ադրբեջանական դիրքերից գյուղի տները շատ մոտ են: Գյուղի հողատարածքների մեծագույն մասը չի մշակվում, քանի որ հակառակորդի կրակի տակ է:

Ինչպես հայտնի է՝ ապրիլի 2-ին Ադրբեջանն աննախադեպ լայնածավալ հարձակում ձեռնարկեց՝ հարվածելով ոչ միայն Արցախի ռազմական օբյեկտներին, այլեւ խաղաղ բնակավայրերին, որի հետեւանքով զոհվեցին եւ վիրավորվեցին խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ անմեղ երեխաներ: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ Տավուշի մարզի Բարեկամավանի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանի հետ:
-Տիկի՛ն Ազատյան, ԼՂՀ-ում տիրող իրավիճակի շուրջ ի՞նչ են մտածում բարեկամավանցիները:
-Հենց նոր համակարգչի առաջ նստած վերջին լուրերն էի կարդում: Բարեկամավանցիները, ինչպես միշտ, հոգով-սրտով ղարաբաղցիների հետ են: Մեր գյուղում որդիներ կան, ովքեր ծառայում են ԼՂՀ-ում: Բոլորս էլ լավ նորութունների ենք սպասում, ու դրանք ուշացնել չեն տա…
-Այս օրերին գյուղում ի՞նչ իրավիճակ է:
-Գյուղում ամեն բան նորմալ է, սովորական, կրակոցներ չկան, մեզ մոտ ամեն ինչ նորմալ հունով ընթանում է: Գյուղից բացակայող չկա, բոլորը տեղում են, երեխաները դպրոց են գալիս: Միայն բոլորի ուշքը Ղարաբաղում է: Նույնիսկ մեր գյուղից կամավորներ կային, ովքեր պատրաստվեցին Արցախ մեկնել, բայց թույլ չտվեցին: Ասեցին, որ պետք լինի, կկանչենք: Ապրիլի 2-ին կային կրակոցներ: Հիմա մեզ մոտ ավելի խաղաղ է, քան նախորդ գիշերներին: Մենք գիտենք, մեր խաչն է, ու կրում ենք: Այդ նույն բաները մենք էլ ենք տեսել՝ տուն մտնելը, մարդ մորթելը եւ այլն: Մեզ համար դրանք նորություն չեն: Միեւնույն է՝ մենք չենք վախենում թշնամուց:
-Գյուղացիները վերլուծում են: Ի՞նչ պատճառներ են քննարկում:
-Բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ է կատարվում, պարտադիր չէ, որ քաղաքագետ լինենք: Ռուսը որ կողմնապաշտություն է անում, այդ մեկը մենք բոլորս էլ հասկանում ենք:
-Իսկ դպրոցում աշակերտների մոտ ինչպիսի՞ն է արձագանքը:
-Կարելի է ասել, որ այսօր առաջին դասաժամը հենց այս թեմային էլ նվիրեցինք: Երեխաների տրամադրվածությանը ծանոթացա: Մենք անկեղծ զրուցեցինք, բոլորն էլ դատապարտում են տեղի ունեցածը:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԸ ԶԻՆՎՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում հավաքներ են կայանում, որոնց մասնակցում են սահմանամերձ բնակավայրերի մարտունակ տարիքի տղամարդիկ: Ապրիլի 6-ին, ի թիվս Ադրբեջանին սահմանակից այլ համայնքների, նման հանդիպում է կայացել Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեպար գյուղում: Երկրապահ կամավորականների միության Նոյեմբերյանի տարածաշրջանային խորհրդի նախագահ Ռաֆիկ Ասլանյանը (Մուրոն) եւ ԵԿՄ Տավուշի մարզային վարչության նախագահի տեղակալ Հարություն Ղազինյանը հանդիպել են ոսկեպարցիների հետ, զենք ստանալու համար ցուցակագրում է արվել: Ոսկեպարի մարտունակ տղամարդիկ զենք կստանան ըստ Նոյեմբերյանի զինկոմիսարիատում առկա կցագրումների, թե ով ինչ զենքի է տիրապետում:
Հավելենք, որ Ոսկեպար գյուղը 1990-ական թվականների հայ-ադրբեջանական զինված հակամարտության տարիներին հերոսության եւ խիզախության բազում օրինակներ է ցուցադրել, բազմաթիվ ոսկեպարցիներ են այդ կռիվներում զոհվել, վիրավորվել: Այժմ Ղարաբաղում թեեւ լարվածությունը թուլացել է, սակայն ամեն պահի մարտական թեժ գործողությունները կարող են վերսկսել: Անկասկած, այդ պարագայում Տավուշի սահմանագոտին եւս դառնալու է կռվի թատերաբեմ: Այս վտանգն աչքի առաջ ունենալով` մարզի սահմանամերձ գյուղերի ամեն բնակիչ զինվոր է դառնում՝ պատրաստ պաշտպանելու հայրենի հողը:

 

 

ԶԻՆՎՈՐԻ ՄԱՐՄԻՆԸ ԴԵՌ ՉԻ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա մարտական գործողությունների ժամանակ, մեր տեղեկություններով, Տավուշի մարզից զոհվել է մեկ զինծառայող՝ Դիլիջան քաղաքի 20-ամյա բնակիչ Վլադիմիր Ալիխանյանը: Նա 2 ամսից պետք է ավարտեր ժամկետային զինվորական ծառայությունը: Վլադիմիրը տանկիստ էր, ծառայում էր Ֆիզուլիում: Սպասվում էր, որ ապրիլի 5-ին նրա մարմինը պետք է տեղափոխվեր հայրենի քաղաք: Սակայն դա դեռեւս տեղի չի ունեցել: Վլադիմիր Ալիխանյանին Դիլիջանում կհուղարկավորեն զինվորական կարգով, ինչպես վայել է հայրենիքի պաշտպանին: Դիլիջանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ զոհվածը սոցիալապես ոչ բարվոք ընտանիքից է: Վլադիմիր Ալիխանյանի ծնողները արդեն գիտեն ցավալի լուրը, Դիլիջան քաղաքի բազմաթիվ բնակիչներ այցելում են Ալիխանյանների տուն, իրենց ցավակցությունն ու զորակցությունը հայտնում հանուն հայրենիքի պաշտպանության զոհված զինվորի հարազատներին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս