Արմեն Մուրադյանը վիրավոր զինծառայողների է այցելել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող պայմանագրային զինծառայողին և Սիսիանի ԵԿՄ անդամին այսօր այցելեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովհաննես Ասլանյանը Մատաղիսում վիրավորվածներին զննել և առաջին բուժօգնություն է ցույց տվել Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում։ Այնուհետև տուժածներին տեղափոխել են Երևան` Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, մասնագիտական բուժօնություն ցուցաբերելու նպատակով։

Նախարարը հետաքրքրվեց վիրավորների առողջական վիճակով և բուժման ընթացքով։ Կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը, մասնագետները տեղեկացրին, որ բուժման արդյունքում դրական շարժընթաց կա և մի քանի օրից նրանց վիճակը նկատելիորեն կբարելավվի։
Վիրավորվածներն ու նրանց հարազատներն իրենց գոհունակությունը հայտնեցին բուժման ընթացքից ու արդյունքներից։ Ուշագրավ է, որ դեռ 90-ականներին Արցախյան գոյապայքարին մասնակցած ԵԿՄ անդամ Գևորգ Ազոյանը նախարարի հետ զրույցի ընթացքում նշում էր, որ ամեն ինչ լավ է լինելու։

Արմեն Մուրադյանն այնուհետև այցելեց Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բուժում ստացող վիրավորներին: Նեղ մասնագիտական բուժում ստանալու նպատակով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով այստեղ տեղափոխվել է երեք վիրավոր, որոնցից մեկը բուժումը շարունակում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: Անդրանիկ Աթալյանն արդեն ապաքինման փուլում է, աչքից հեռացվել է երեք օտար մարմին, ինչպես նաև կատարվել է արհեստական ոսպնյակի պատվաստում: Վիրավորը հետվիրակատական բարդություններ չունի: Դավիթ Սահակյանի մոտ ևս կատարվել է աչքի բարդ վիրահատություն` աչքից հեռացվել է օտար մարմինը: Այստեղ ևս նախարարը զրուցեց հիվանդների հետ` հավաստիացնելով, որ նրանց ապաքինումը մշտական ուշադրության կենտրոնում է, և բոլոր անհրաժեշտ միջոցառումներն ու լիարժեք վերականգնողական բուժումը կիրականացվի բարձր մակարդակով:
ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն այսօր այցելեց Աշտարակի բժշկական կենտրոն` նախարարության անունից շնորհավորանքներ և նվերներ փոխանցելու Մարտակերտի շրջանի Հովտաշեն գյուղի բնակչուհի Քնարիկ Հարությունյանին։

Քնարիկն այստեղ երրորդ արու զավակն է ունեցել։ Զինծառայող ամուսինը` Ալբերտ Օկումյանը, ստեղծված լարվածության առաջին իսկ օրից մեկնել է հայրենիքի սահմանը պաշտպանելու։ Նրանից առաջին հեռախոսազանգն ստացվել է օրեր անց` որդու ծնվելուց ընդամենը 5 րոպե հետո։ «Ասացի, որ մեր երրորդ տղան ծնվել է»,-պատմում է արդեն հիվանդանոցից դուրս գրվող Քնարիկը։ Իմանալով, որ ծննդաբերելու օրերն են` մայրն է ստիպել ազգականների հետ Կարբի` ամուսնու բարեկամների մոտ գալ։
Աշտարակի Բկ-ի տնօրեն Արթուր Հովհաննիսյանը, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Սերգեյ Սաժումյանը, ողջ կոլեկտիվը մեծ հոգատարությամբ ու ջերմությամբ է շրջապատել երիտասարդ կնոջը։ «Քնարիկը սթրես էր տարել, և մենք մտավախություն ունեինք, որ կարող է բարդություններ լինեն։ Փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող անցավ»,-ասաց բաժանմունքի վարիչը։
Նորածին Հայկին տանն սպասում են ավագ եղբայրները։ Քնարիկ Հարությունյանը կիրակի օրն արդեն մեկնում է Հովտաշեն։ Փոքրիկ Հայկն ու նրա ընտանիքն այնքան շատ նվերներ են ստացել, որ նույնիսկ տեղափոխելու դժվարություն ունեն։




Լրահոս