ԱՅԼԵՎՍ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի ամբուլատորիայի բացման արարողությանը: Եվ ահա` «ԳԱԼԱ»-ի փոխանցմամբ, երբ վարչապետը փորձել է հեռանալ, նրան է մոտեցել նույն գյուղի մի բնակիչ եւ խնդրել միջոցներ ձեռնարկել հարկային բեռը թեթեւացնելու եւ համատարած թանկացումները մեղմելու համար. «Այդ թանկացնելը ձեր ձեռքին է, ասեք` ա՛յ շան որդիներ, էս գյուղացիքը մեղք են»: Տիգրան Սարգսյանը, իհարկե, ավելի նրբանկատ է գտնվել, քան իր կուսակցապետ Սերժ Սարգսյանը եւ ծեր մարդուն չի կշտամբել, ասելով` այդպես եք անում, որ խիյարը թարս է աճում: Սակայն նրա արձագանքը եւս, մեղմ ասած, ադեկվատ չի եղել: «Ինչո՞վ եք զբաղվում այստեղ, գյուղատնտեսությա՞մբ»,-գյուղում ապրող գյուղացուն հարցրել է երկրի կառավարության ղեկավարը: Սակայն պարզվել է, որ այդ գյուղացին անգամ գյուղատնտեսությամբ զբաղվելու միջոցներ չունի: «Իմ տնից երեք հոգի խոպան է գնացել, ա՛յ անաստվածներ, հմի որ գործ էղնի, գիտես չէ՞, կանեմ»,-ասել է ծերունին: Առաջին հայացքից սա, իհարկե, կարող է թվալ նորմալ իրավիճակ. ի վերջո ամեն տեղ էլ կան իրենց կյանքից դժգոհ մարդիկ, որոնք բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելու առիթը բաց չեն թողնում` բարձրաձայնելու համար իրենց դժգոհությունը: Սակայն բանն այն է, որ մեզանում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները կազմակերպվում են նախապես մշակված սցենարով, որոնք բացառում են նման անցանկալի շեղումները: «Ժողովուրդ»-ը բազմիցս է գրել, որ տարբեր մարզային հանդիպումների, օրինակ` ամենաաղքատ եւ առավել բողոքավոր Շիրակի մարզ կատարած այցելությունների ընթացքում տեղի պաշտոնյաներին հանձնարարված է եղել ապահովել այսպես կոչված «տուսովկան»` ՀՀԿ ղեկավարներով հիացած մարդկանց խմբեր, որոնք, օրինակ Գյումրիում, մի քանի անգամ բաղկացած են եղել բացառապես ուսուցիչներից, ինչը պարզապես քստմնելի երեւույթ է: Բացի այդ, երկրի ղեկավարության մարզային այցերը լուսաբանող լրագրողները լավ գիտեն, թե որքան դժվար է հաղթահարել երկրի նախագահի կամ վարչապետի շուրջ  մշտապես առկա տեղական չինովնիկների եւ թիկնապահների պատնեշը` մոտենալու եւ սեփական խնդիրները բարձրաձայնելու համար: Սակայն հիմա վիճակն այնքան ողբալի է, եւ մարդկանց հուսահատությունը` այնքան համատարած, որ նման կանխարգելիչ միջոցառումներով այլեւս հնարավոր չէ կասեցնել ժողովրդի բողոքի ձայնը: Հիմա արդեն հնարավոր չէ թաքնվել թիկնապահների հետեւում. միշտ էլ որեւէ ծերունի կկարողանա հաղթահարել այդ պատնեշը եւ բացատրել, թե ում մեղքով է մեր երկրում խիյարը թարս աճում:




Լրահոս