Որոշեցինք հենց խրամատում համերգ ունենալ. Գոհար Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե զգամ, որ մեր երգը սահմանին կանգնած զինվորներին ուժ կտա, կարող եմ գնալ այնտեղ եւ առանց երաժշտության էլ երգել նրանց համար»,- այսպիսի պատրաստակամություն հայտնեց ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում:

Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրացումից հետո հայ զինվորի ցուցաբերած քաջությունից իր մեջ մեծացել է հպարտության զգացումը: Երգչուհին նշում է, որ ռազմահայրենասիրական, ժողովրդական երգեր երգելիս ինքն այսօր ավելի մեծ ուժ եւ էներգետիկա է ստանում:
Գոհարը խոստովանեց, որ իրեն հուզել է մեր զինվորների խիզախությունը: Նա վերջերս կարդալով այն հայ զինվորի մասին, ով երկու ոտքը կորցնելուց հետո շարունակել է մարտնչել հակառակորդի դեմ, հպարտության մեծ զգացում է ապրել:

Երգչուհին շեշտեց, որ ամեն մեկս մեր տեղում պետք է աջակցենք զինծառայողներին: Նա հիշեց 8 տարի առաջ տեղի ունեցած մի դրվագ. «Ճամբարակի զորամասում պետք է ելույթ ունենայինք, մեզ ասացին, որ զինվորների մեծ մասը խրամատում են, եւ իմաստ չունի համերգով հանդես գալ, բայց ես ու էլի մի ծուռ մշեցի որոշեցինք, որ հենց խրամատում ենք համերգ ունենալու եւ այդպես էլ արեցինք»,-պատմեց նա` հավելելով, որ այդ օրն անմոռանալի զգացումներ է ապրել:

Խոսելով մեր հայրենասիրական երգերի մասին` Գոհարը նկատեց, որ նաեւ այդ ստեղծագործություններն են, որ զինվորին մարտի դաշտում ուժ են տալիս, իսկ սփյուռքում ապրող մեր հայրենակցին` ինքնություն: Նրա խոսքով` Թաթուլ Կրպեյանի, Մոնթեի մասին երգերը կատարելով՝ մենք եւս մեկ անգամ արժեւորում ենք նրանց ավանդը: Բացի այդ` Գոհարը շեշտեց, որ մենք այն «խելառ» ազգն ենք, որը մարտի դաշտ է մեկնում երգ ու պարով. «Ցույց տվեք նման այլ ազգ, որը գնում է պատերազմ` առանց սգալու: Իսկ մեր դեպքում, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, մի աչքը լացում է, մյուսն` ուրախանում»,- եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս