Ապրիլի 2-ից հետո Հայաստանի պատմության մեջ նոր էջ բացվեց, որը կարելի է վերնագրել իբրեւ ղարաբաղա-ադրբեջանական երկրորդ պատերազմի սկզբի ազդարարում: Մենք բոլորս ապրում ենք նոր իրողությունում, մեր նախկին ապրելակերպն էլ այլեւս չի կարող վերադառնալ: Չնայած արդեն երեք օր է, ինչ հրադադար է, բայց ակնհայտ է, որ այն երկար չի տեւելու, եւ մեկ օրից, մեկ շաբաթից կամ մեկ ամսից կարող է պատերազմ սկսվել: Ուստի մեր պարտքն է այս ճակատամարտից եւս հաղթած դուրս գալ` Հայաստանի Երրորդ Հանրապետության հաղթանակների շարքը շարունակելու համար:
Սակայն ստեղծված իրավիճակում առավել քան կարեւոր է, որ ՀՀ իշխանությունները եւ հատկապես Սերժ Սարգսյանը ողջ խորությամբ ընկալի այն նոր իրողությունը, որում արդեն մեկ շաբաթ է՝ ապրում է Հայաստանը: Տարիներ շարունակ պատերազմի վտանգը մշտապես զսպող գործոն է եղել Հայաստանի քաղաքական դաշտի խաղացողների համար: Սակայն փաստն այն է, որ պատերազմի վտանգը միշտ միայն ընդդիմության համար է զսպող գործոն եղել, իսկ իշխանությունները, հակառակը, դրանից օգտվելով՝ ինչ ցանկացել, արել են, պաշտոնյաների մի ողջ խումբ անցած տարիներին որքան ուզել, թալանել է պետբյուջեն եւ այս ընթացքում դարձել միլիոնատեր ու միլիարդատեր: Պատերազմն այսօր այլեւս ոչ թե օդում կախված սպառնալիք է, այլ իրողություն:
Մենք մինչեւ վերջ չենք ընկալում՝ ինչի ենք մասնակից եւ ականատես: Երբ Ադրբեջանը մարտական գործողությունների, այպես ասած, հետախուզում արեց, առաջին լուրերից հետո հայ հանրությունը մեր աչքի առաջ, ընդամենը ժամերի ընթացքում փոխվեց: Մարդիկ մի կողմ դրեցին իշխանությունների նկատմամբ ունեցած ատելությունն ու անվստահությունը, բոլորը մի բուռ դարձած պատրաստվեցին դիմագրավել ցանկացած մարտահրավերի, մարդիկ ուղղակի ցույց տվեցին, որ պատրաստ են զոհասեղանին դնել իրենց եւ զավակների կյանքը` հանուն Հայրենիքի:
Աստված մի արասցե, եթե այս միասնությունը եւ հայրենիքի նկատմամբ սիրո դրսեւորումը երկրում որակական դրական փոփոխությունների չհանգեցնի, ապա ոչ այնքան հեռու ապագայում այն կվերածվի համընդհանուր հիասթափության նոր ալիքի, որը մեզ մի քանի տասնամյակով ետ կշպրտի եւ թշնամու առջեւ կդարձնի իրապես անպաշտպան: Չպետք է այսօրվա ոգեւորությունը կոտրել:
Պետք է խոստովանենք, որ նույնիսկ մեր զավակների արյան գնով, բայց ճակատագիրը մեզ, այսինքն՝ Հայաստանին եւ հատկապես նրա ներկա ղեկավարությանը, հնարավորություն է տալիս, որպեսզի հաղթանակ կերտենք նորանոր նվաճումներով: Պետության ներսում ընթացող զարգացումները` ներքին թշնամանքների, ատելությունների դաշտից, տեղափոխվի պոզիտիվ բանավեճերի դաշտ, ինչը Հայաստանի քաղաքական դաշտում եղել է շատ կարճ ժամանակաշրջան` 1999-ի հունիսից (Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքի իշխանության գալու պահից) մինչեւ հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունները:
Մի փոքր իդեալիստական կարող է հնչել եւ ինչ-որ առումով ընկալվել իբրեւ երազի պես մի բան, բայց փաստն այն է, որ ներկա պահի կարեւորությունը պետք է զգալ, քանի որ այն բացառիկ է: Նման հնարավորություն քաղաքական գործիչներին, եթե անգամ տրվում էլ է, ապա կյանքում ընդամենը մեկ անգամ: Հայաստանի ներսում դրական փոփոխություններ իրականացնելուն ուղղված ցանկացած քայլ, որը Սերժ Սարգսյանը կհամարձակվի անել, անկախ նրանից, թե այն որքան կտրուկ կլինի, չի կարող որակվել որպես նահանջ, որպես ընդդիմության կողմից պարտադրված զիջում: Այդ քայլը կլինի Սերժ Սարգսյանի եւ բացառապես նրա մենաշնորհը: Իսկ բոլոր այն պաշտոնյաները, որոնք այդ փոփոխություններին կընդիմանան հանրության կողմից ուղղակի «կոչնչացվեն»:
Սերժ Սարգսյանն 8 տարի է՝ ղեկավարում է Հայաստանը, սակայն փաստացի երբեւէ հանրության մեծամասնության կողմից չի ընկալվում որպես ՀՀ նախագահ բառիս բուն իմաստով: Այո՛, մարդիկ նրան ընդունում են որպես իշխանության ղեկավար, բայց միեւնույն է՝ նա Հայաստանի բնակչության մեծամասնության շրջանում ընկալվում է որպես իշխանությունն արյան գնով ձեռք գցած, կեղծիքներով այն պահող գործիչ: Նա իշխանության ղեկավար է, որի քաղաքական թիմը` կառավարությունը եւ կառավարման մնացած օղակները, տնօրինողներն ուղնուծուծով կոռումպացված պաշտոնյաներ են: Բայց Սերժ Սարգսյանը բացառիկ հնարավորություն ունի` իր պաշտոնավարման վերջում, այնուամենայնիվ, ընկալվելու որպես ՀՀ նախագահ եւ պատմության մեջ հետագիծ թողնելու:
Խնդրի լուծումը ինքնին շատ «ցավոտ» է, բայց շատ պարզ. բոլոր գործարար-պաշտոնյաներն անհապաղ հրաժարական պետք է ներկայացնեն` անկախ նրանից, թե ինչ աթոռ են զբաղեցնում` վարչապետի՞, նախարարի՞, փոխնախարարի՞, վարչության պետի՞, թե՞ այս կամ այն հանձնաժողովի նախագահի: Հրաժարական տվածների փոխարեն պետք է նշանակվեն կառավարման երկրորդ-երրորդ օղակների` մաքուր կենսագրությամբ կադրերը: Իրականում հենց վերջիններս են ապահովում կառավարման համակարգի այսօրվա գործունեությունը, իսկ գործարար-պաշտոնյաները զբաղված են տարբեր ճանապարհներով պետբյուջեից իրենց «փայը» տանելով:
Հաջորդ քայլով Սերժ Սարգսյանը կարող է հանձնարարել, որ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ընդդիմության բոլոր այն առաջարկները, որոնք վերաբերում են ընտրությունների վերահսկման գործընթացին, պարտադիր ընդունվեն, որպեսզի ոչ ոք չկարողանա ապագա ընտրությունների արդյունքները կասկածի տակ առնել` անկախ նրանից, թե դրանց արդյունքում որ քաղաքական ուժը կամ ուժերը կհաղթեն:
Կասկածից վեր է, որ եթե նման «հրաշք» տեղի ունենա, ու Սերժ Սարգսյանը օգտվի իրեն ընձեռնված բացառիկ հնարավորությունից, ապա հայ հանրության ներկա միասնականությունը ոչ միայն չի քանդվի, այլ նաեւ մեխանիկորեն կփոխակերպվի երկրի զարգացման ուղղված մի էներգիայի, որը սարեր կարող է շրջել: Այդ էներգիան անմասն չի թողնի նաեւ սփյուռքի մեր հայրենակիցներին, որոնք այս օրերին ուշի ուշով հետեւում են Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին:
Ի դեպ, վերը բերված բացառիկ հնարավորությունից չօգտվելու դեպքում Սերժ Սարգսյանը միանձնյա է կրելու միասնության մսխմանը հաջորդող հիասթափության անասելի ալիքի պատասխանատվությունը: Նա ստիպված կլինի հեղափոխական ճնշման ներքո հեռանալ զբաղեցրած պաշտոնից իր թիմի հետ:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ