Ռուսաստանը կշարունակի զենք վաճառել Ադրբեջանին, Հայաստանն էլ` դեմ հանդես գալ. Վադիմ Դուբնով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին` չնայած Հայաստանի ներսում եղած քննադատություններին: Ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովն այսպես մեկնաբանեց ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի այն հայտարարությունը, որ Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին:

– Նախևառաջ ցանկանում եմ օբյեկտիվորեն ներկայացնեք Ձեր դիրքորոշումը վերջին օրերին շփման գծում տարվող ռազմական գործողությունների վերաբերյալ: Ի վերջո, ո՞վ սկսեց, ո՞վ էր նախաձեռնողը:

– Ես կարծում եմ, որ Ադրբեջանը փաստացի իր վրա վերցրեց վերջին օրերին տեղի ունեցածի պատասխանատվությունը, սակայն դա պարտադրված ինչ-որ բան էր: Իմ կարծիքով, Ադրբեջանը չէր ծրագրել ոչ բլից-կրիգ, ոչ էլ լայնածավալ պատերազմ, այլ այդ ամենը տեղի է ունեցել որոշ իրադարձություններից ելնելով: Բայց այն ոչ նախօրոք ծրագրված է եղել, ոչ էլ նախատեսված: Եվ ի ուրախություն, այդ ամենը պատերազմ չէր, այլ կոնֆլիկտի սրացում:

– Ձեր կարծիքով, ինչո՞ւ այժմ Ադրբեջանը նման քայլի դիմեց և այստեղ կարո՞ղ ենք տեսնել Թուրքիայի հետքը:

– Ես կարծում եմ, որ այստեղ ոչ Թուրքիան կապ ունի, ոչ էլ Ռուսաստանը: Ես կողմնակիցը չեմ այն գեոքաղաքական սխեմաների, որոնք շրջանառվում են: Ես բոլոր տեսակետներին ծանոթ եմ, բայց կարծում եմ, որ Ադրբեջանի նման քայլի դիմելը ոչ մի բանով պայմանավորված չէ: Ադրբեջանն այս ամենն օգտագործեց այլ նպատակներով:

– Այժմ շփման գծում լարվածությունն այնքան էլ մեծ չէ, և հրադադարի մասին պայմանավորվածություն կա, որը սակայն կրկին հակառակորդի կողմից խախտվում է: Ըստ ձեզ, հետագայում նման սրացումներ կարո՞ղ են լինել: 

– Կարծում եմ, որ շփման գծում նման դեպքերը կարող են շատ հաճախակի կրկնվել, օրինակ մի քանի ամիսը մեկ:

– Պարոն Դուբնով, վերջին օրերին Հայաստանի ղեկավարության կողմից քննադատություններ են հնչում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ: Սակայն երեկ ՌԴ փոխվարչապետը հայտարարեց, որ հետագայում էլ կշարունակեն զենք վաճառել: Արդյո՞ք նման հայտարարությունները չեն վտանգում հայ-ռուսական հարաբերությունները և ճի՞շտ էր  այս պահին նման հայտարարություն անել:

– Իրականությունն այն է, որ Ռուսաստանը կշարունակի զենք վաճառել Ադրբեջանին: Ռուսաստանը երբեք չի փոխի իր միտքը: Ես կարծում եմ, որ Հայաստանում հասարակական կարծիքն իրադարձությունների բերումով կփոխվի: Այժմ տիրող կարծիքը հարատև չի լինի և ամեն ինչ կվերադառնա սկզբնական դիրքին, այսինքն Ռուսաստանը կշարունակի զենք վաճառել Ադրբեջանին, Հայաստանը կշարունակի դեմ հանդես գալ, երկրի ներսում կսկեն հնչել հակառուսական, պրոեվրոպական նոտաներ, սակայն դա ոչ մի կերպ Հայաստանի իշխանությանը չի կարող ստիպել փոխել իր դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս