ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԶԴԻՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ
Հայաստանում եզդի համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանի տեղեկացմամբ` վերջին տասը տարիների ընթացքում 60-հազարանոց եզդի համայնքի 30 տոկոսն արտագաղթել է, եւ  գերազանցապես սոցիալական պատճառներով: «Եզդիների ազգային ինքնության պահպանման համար ամենանպաստավոր երկիրն աշխարհում Հայաստանն է»,-ընդգծել է Թամոյանը` կոչ անելով եզդիներին չարտագաղթել ՀՀ-ից:  

ՆԱԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑՈՒՄ
ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում եւ միկրոբլոգների «Թվիթեր» ծառայությունում իր պաշտոնական էջն է բացել:

ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԴԵՄ
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը ներգաղթյալների նկատմամբ բնիկ ռուսների վերաբերմունքը պարզելու նպատակով հարցում է անցկացրել, որի արդյունքներով` ռուսների 65 տոկոսը գտնում է, որ ներգաղթյալների թվի ավելացումը նախեւառաջ հանգեցնում է երկրում կոռուպցիայի եւ հանցավորության ավելացմանը։ Իսկ 47 տոկոսը կարծում է, որ ժամանողները լրացնում են ցածր որակավորում ունեցողների եւ ցածր աշխատավարձով աշխատողների պակասը։ Հարցմանը մասնակցել է 1600 մարդ։  

ԸՆԴՄԻՇՏ ՌԵԿՏՈՐ
Երեկ ՀՀ կառավարությունը հաստատեց ավելի վաղ կայացած Երեւանի գեղարվեստի ակադեմիայի ռեկտորի ընտրության արդյունքները, ըստ որոնց՝ ակադեմիայի ռեկտոր է ընտրվել Արամ Իսաբեկյանը: Հիշեցնենք, որ Իսաբեկյանը  2003թ. եւ 2007թ. մասնակցել է ԱԺ ընտրություններին` «Հզոր հայրենիք» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների համամասնական ցուցակներով:

ԱՎԵԼԻ ԹԱՆԿ ԳՆՈՎ
Այս տարեվերջից կսկսվի դիվանագիտական կենսաչափական անձնագրերի տպագրությունը, մինչդեռ կանխավ հայտարարված վերջնաժամկետը մեկ տարի առաջ էր: Դիվանագիտական անձնագրերը տպագրելու համար կառավարությունը լեհական PWPW ընկերության հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել: Սակայն գումարի փոխանցումն ուշացնելու պատճառով պայմանագիրը չկնքվեց, իսկ գումար հատկացնելու մասին կառավարության որոշումն ուժը կորցրած ճանաչվեց: Երեկ կառավարությունը նոր որոշում է կայացրել այդ նույն նպատակի համար գումար հատկացնելու մասին: Եվ եթե անցած տարի հատկացվել էր 7.5 մլն դրամ, այս անգամ գումարը կազմում է  11.1 մլն դրամ:

ԹԵՐԹ Է ՎԱՃԱՌՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան եւ ավագ Հարություն Վարդանյանն աշխատում է Ֆրանսիայի թերթի կրպակներից մեկում: «Երկրիդ մարզական պատիվը ներկայացնելն ու ազգային թիմի մարզաշապիկով խաղալն աննկարագրելի զգացողություն է»,-news.am-ի հաղորդմամբ` ֆրանսիական Sudouest.fr-ին ասել է ֆուտբոլիստը: «Ֆրանսիայում ընկերս ինձ առաջարկեց աշխատել թերթի կրպակում: Ես երբեք նմանատիպ աշխատանք չէի կատարել, սակայն արդեն հոգնել էի անգործությունից, այդ իսկ պատճառով համաձայնեցի»,-անկեղծացել է ֆուտբոլիստը:




Լրահոս