ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՄՏԱՀՈԳԻՉ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում վերջին 3 տարիների ընթացքում արձանագրված հրդեհների 70 տոկոսը գրանցվել է Լոռու մարզում: Մտահոգություն առաջացնող խնդրի կապակցությամբ  ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հուլիսի 31-ին Լոռու մարզպետարանի խորհրդակցությունների դահլիճում կազմակերպել էր սեմինար-քննարկում, որին ներկա էին  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային փրկարարական վարչության հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության ներկայացուցիչներ, փոխմարզպետը, համայնքների ղեկավարներ եւ խնդրով մտահոգ անհատներ:
Սեմինարը սկսվեց զեկույցով, որից անմիջապես հետո թեժ քննարկում ծավալվեց: «Այն, որ Լոռիում անտառային հրդեհները շատ են, դա փաստ է, բայց այնպես չէ, որ մնացած մարզերում հրդեհներ չեն գրանցվում, Լոռիում պարզապես արձանագրում են հրդեհները»,-կարծիք հայտնեց համայնքներից մեկի ղեկավարը, ինչին ի պատասխան՝ փոխմարզպետ Արսեն Դարբինյանը եւ էլի մի քանի հոգի ներկաներին հիշեցրին, որ հավաքվել են ոչ թե արդեն տեղի ունեցած դեպքերը քննարկելու, այլ կանխարգելման աշխատանքներ ծրագրելու համար:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը նշեց, թե բոլորն էլ գիտեն, որ անտառում կրակ անել չի կարելի: Ուստի նշաններ տեղադրելու փոխարեն անհրաժեշտ է ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել, մասնավորապես ապահովել հրշեջ եւ փրկարարական ծառայությունների տեխնիկական վերազինումը:
Դարբինյանից հետո փոքր-ինչ սրտնեղած ելույթ ունեցավ Լոռու մարզի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետը: Վերջինս կառավարության որոշումը ձեռքին էր եկել. «Օրենքով ամրագրված բազմաթիվ կետեր չեն կատարվում, կանխարգելիչ աշխատանքներ` եւս»: Հետո պարզվեց, որ կատարվում են, բայց մասնակի:
Քննարկմանը միացավ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը: Նա նշեց, որ անտառային հրդեհների ժամանակ կոնկրետ Լոռու մարզում աշխատում է միայն մարդու գործոնը, որովհետեւ համապատասխան տեխնիկա չկա. «Եթե մենք հավաքվել ենք պայքարելու անտառային հրդեհների դեմ, ապա բերե՛ք խոսենք ռեալ. գյուղական համայնքների մեծ մասում հնարավորություն չկա ջուր վերցնելու: Մեքենան մինչեւ տեղ ա հասնում, հետո պետք ա լինում նորից վերալիցքավորել, ժամեր ա անցնում: Անտառային հրդեհների ծագման դեպքում մեզ բարձր անցողականության մեքենաներ են պետք, որ  մարդկանց հանենք սարերը»:
Փոխմարզպետ Արսեն Դարբինյանը սեմինարին ներկա համայնքապետերին կոչ արեց տեղեկացնել բնակչությանը, որ խոտհարքներն այրելը խոտի որակը չի բարձրացնում, ընդհակառակը: Նա նաեւ հիշեցրեց, որ եղել են տարիներ, երբ ամբողջ Հայաստանն ապրել է անտառներով ու Սեւանա լճով, ուստի բնական հարստությունը պետք է մեծ խնամքով պահպանել: Բայց քանի որ անտարբերությունն առկա է, պետք է օգտագործել բոլոր լծակները` հրդեհներից խուսափելու համար:
Քննարկման ընթացքում պարզվեց, որ մինչ օրս Լոռիում անտառը հրդեհելու համար միայն մեկ հոգի է պատասխանատվության ենթարկվել, մինչդեռ եղել են բազմաթիվ հրդեհներ, որոնց հետեւանքով այրվել են 100-ավոր հեկտարներ: Ներկաների կարծիքով՝ գլխավոր խնդիրն այն է, որ ոչ ոք իր հստակ անելիքը չգիտի:
Ի վերջո, ո՞վ պետք է մարի հրդեհը: Այս հարցն արդեն ավելի բուռն քննարկվեց: «Թե ով ա այրում, ոնց ա այրում, դա հարցի երկրորդ կողմն ա, թող համապատասխան մարմինները ճշտեն, ես դրա մասին չեմ ասում, հրդեհաշիջման աշխատանքների մասին եմ խոսում: Ենթադրենք` համայնքապետին ասեցինք, 10 հոգի մարդ տվեց, էդ 10 հոգին հանեցինք անտառ, դեմը 3-4 մետր բարձրությամբ կրակը գալիս ա, ո՞վ կկանգնի դրա դեմ, ոչ մեկը»,-բողոքեց Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը:
Կարծիք հնչեց, որ շատ ծանր դեպքերում օդային տեխնիկա է հարկավոր: Սակայն դա, բնականաբար, առկա պայմաններում անիրատեսական է, այն դեպքում, երբ կան անտառապահներ, որոնք  նույնիսկ ձի չունեն: Իսկ տեխնիկայի ու վառելիքի խնդիրն էլ առաջանում է ամեն հրդեհի ժամանակ: Այս դեպքում ի՞նչ անել անտառային հրդեհներից խուսափելու համար: Տեխնիկա չկա, այն գնելու հնարավորություն` եւս: Ուստի այլ միջոցներ են պետք: Նման դեպքերում սովորաբար փրկարարներն են գործի անցնում, որոնց միանում են նաեւ համայնքներից կամավորներ: Ինչքա՞ն պետք է շարունակվի այս ամենը: Այս հարցի պատասխանն այդպես էլ չտվեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդականը: Փոխարենը նա վերացական կերպով  խոսեց անտառների պահպանության անհրաժեշտության մասին. «Պլանավորված է բոլոր մարզերում վարժանքներ անցկացնել, հիմնական նպատակն է համայնքապետերին, արտակարգ իրավիճակների համապատասխան աշխատակիցներին, ոստիկաններին, գյուղատնտեսության ներկայացուցիչներին եւս մեկ անգամ հավաքել, զգոնությունը բարձրացնել,  ազգաբնակչության մեջ տանել բացատրական աշխատանք»:
Քննարկում-սեմինարն ավարտվեց բնակչությանն արված կոչերով. կերուխումից հետո խորովածի կրակները հանգցնել է պետք, ձիով զբոսնելիս սարերի փեշերն այրել չի կարելի, անտառամերձ ճանապարհին արգելվում է ծխախոտի մնացորդ գցելը, եւ, ի վերջո, բնությունը բոլորիս սեփականությունն է, այն պահպանել է պետք:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս