Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ հուլիսի 30-ին ավարտվել են Էրեբունի հնավայրի պեղումների երկրորդ փուլի երկրորդ տարվա աշխատանքները, որոնք 2008թ.-ից իրականացվում են հայ-ֆրանսիական գիտատեխնիկական համագործակցության շրջանակում:
Իրականացված պեղումների, ինչպես նաեւ հետագա ծրագրերի մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի հետ, եւ այսօր ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:
-Հուլիսի 30-ին ավարտվեցին երկրորդ փուլի (այն կտեւի մինչեւ 2015թ.) երկրորդ տարվա աշխատանքները: Առայժմ լավ եղանակ է, ինչո՞ւ դադարեցվեցին պեղումները:
-Նման աշխատանքների համար չափ կա. պեղումներն ունենում են գարնանային, ամառային եւ աշնանային շրջաններ, բայց սովորաբար տեւում են մայիսից մինչեւ օգոստոս: Շատ շոգ լինելու դեպքում չեն աշխատում, մի քիչ զով պայմաններ պիտի լինեն: Եվ հենց նույն պատճառով աշխատում էին առավոտվա ժամը 7-ից մինչեւ 13-ը: Ընտրված էր համեմատաբար չուսումնասիրված հատվածը, որն ընդգրկում էր միջնաբերդի Խալդ աստծո տաճարը պարուրող փողոցը, որի մի մասը բացել էին նախորդ չորս տարիներին, մյուս մասը բացեցին անցյալ տարի: Ապա աշխատանքները շարունակեցին Խալդ աստծո տաճարում, որպեսզի ուսումնասիրեն տաճարի կառուցման փուլերը: Ըստ էության, այդ տաճարը մի քանի փուլով է կառուցվել. սկզբից եղել է ուրարտական տաճար մինչեւ մ.թ.ա. 6-րդ դարը, իսկ 6-րդ դարից հետո դարձել է բազմասյուն դահլիճ, որը կոչվում է ապադանա: Տաճարից ապադանայի անցման փուլը շատ հետաքրքիր է, եւ ցուցադրելու, ներկայացնելու շատ բան կա:
-Ինչպե՞ս պետք է այդ ամենը պահպանվի, որ եկող տարի շարունակվեն աշխատանքները:
-Պեղումների ավարտից հետո դրանք ամեն անգամ ծածկվել են հողով, ապա բացվել են. դա աշխատանքային գործընթաց է: Իսկ երբ անցնենք տաճարի ռեստավրացիոն գործունեությանը, այդ ժամանակ ամեն ինչ այլ կերպ կարվի… Արդեն հիմիկվանից մտածում ենք ցուցադրման տարբերակների մասին, բայց շատ հարցեր նախագծային փուլում կլուծվեն: Իսկ հիմա մեր նպատակն է փորձել հասկանալ, թե որ հատվածն ենք ընտրելու հիմնական, որ հատվածը` որպես պատմությունը լրացնող դրվագ, մասնակի ցուցադրության համար:
-Նախագիծը միայն հայ-ֆրանսիակա՞ն էր, թե՞ կային նաեւ այլ երկրներից մասնագետներ:
-Նախագիծը հայ-ֆրանսիական է, բայց առաջին երեք տարիներին մասնակցում էր նաեւ ԱՄՆ-ի Բերկլիի համալսարանից ժամանած հայտնի մասնագետ Դեյվիդ Ստրոնախը, որն առաջին քառամյա ծրագրի վերջին տարում արդեն միայն խորհրդատու էր:
-Ծրագիրը, փաստորեն, կշարունակվի եկող տարվա մայիսից:
-Այո՛, կշարունակվի եկող տարվա մայիսից ու նաեւ` մյուս տարի: Չնայած նման ծրագիր ունեն (այն դեռ քննարկման փուլում է), որ այս տարի սեպտեմբերին էլ ինչ-որ աշխատանքներ կատարեն:
ՊԵՂՎՈՒՄ ԷՐ ՆԱԵՎ ԽԱԼԴ ԱՍՏԾՈ ՏԱՃԱՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ