ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԵՌ ՉԻ ՀԱՆԳՍՏԱՑԵԼ
Արդեն ամռան վերջին ամիսն է, սակայն շատ հայտնի մարդիկ դեռ չեն հասցրել հանգստանալ: Նրանց թվում է նաեւ հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, որն այս պահին ամենօրյա մարզումների մեջ է: Նա պատրաստվում է օգոստոսի 24-ին կայանալիք մենամարտին՝ Վիլբերֆորս Շիհեպոյի դեմ: «Այդ մենամարտում հաղթելուց հետո կմտածեմ հանգստի մասին»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց բռնցքամարտիկը:

ԴԵՐԱՍԱՆՈՒՀՈՒՆ ԱՀԱԲԵԿՈՒՄ ԵՆ
Այն բանից հետո, երբ դերասանուհի Անահիտ Մութաֆյանը մասնակցեց Հանրային հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող «Ազատ գոտի» հաղորդաշարին, սկսեց ստանալ ոչ այդքան հաճելի զանգեր եւ հաղորդագրություններ:
«Հաղորդումից մի քանի րոպե անց իմ հեռախոսը կորցրեց իր հանգիստը, ֆեյսբուքում սկսվեցին նամակները իմ ընկերների կողմից, որոնք հետաքրքրվում էին իմ առողջական վիճակով: Ես այդ ամենը ընդունեցի որպես հումոր, քանզի այդ հաղորդման բոլոր մասնակիցներն էլ գրագետ ու նորմալ մարդիկ էին: Բայց այսօր արդեն համբերությանս բաժակը լցվեց, երբ ինչ-որ կանայք հարձակում գործեցին ինձ վրա լկտի արտահայտություններով ու անգամ բանը հասավ ահաբեկելուն…»,-հայտնել է դերասանուհին:
Հավանաբար հեռուստադիտողներից մի քանիսին դուր չի եկել Անահիտի դիրքորոշումը «Չեմ ուզում փոխվել» թեմայի շուրջ: Հաղորդման ֆորմատի համաձայն՝ երկու կողմերը բանավիճում են միմյանց հետ. ամենայն հավանականությամբ, «ակաբեկիչները» հարձակվել են Անահիտի վրա այն բանի պատճառով, որ հակառակ «բանակի» համախոհ են: «Նույնիսկ այսքանից հետո ուզում եմ ձեզ դիմել այսպես, իմ շատ սիրելի հեռուստադիտող, իմ անփոխարինելի հանդիսատես, ես մարդ եմ, որն ունի իր կարծիքը, մարդ եմ, որը հայտնվել է մի գոտում, որն ազատ է եւ ազատ արտահայտում է իր մտքերը: Հաղորդումից հետո կամ հաղորդման ժամանակ գուցե ես կարծիքս փոխեցի շատերի հանդեպ, բայց նորից եմ կրկնում դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որի համար հուսով եմ, դուք ինձ չեք այրի կրակին` որպես հերետիկոս…»,-գրել է դերասանուհին իր ֆեյսբուքյան էջում, ապա հավելել, որ անչափ ուրախ է` տեսնելով, որ մեր երկրի կանայք ու աղջիկներն այդքան շատ են սիրում իրենց երկրի պաշտոնյաներին: «Կուզեի նշել նաեւ սիրելի փափկասուն կանայք եւ աղջիկներ, մի՛ փորձեք Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ ու մի՛ ահաբեկեք ինձ, եթե ես վախենայի, ապա չէի ծնվի….»,-եզրափակել է  Անահիտը: Դերասանուհին ոչ մի կոնկրետ անուն չի նշել, բայց դժվար չէ ենթադրել, թե որ պաշտոնյայի մասին է խոսքը: «Ազատ գոտու» այդ թողարկմանը մասնակցել է նաեւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:




Լրահոս