Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի 31-րդ շենքի բնակիչ Վահե Սարգսյանը նամակ է տարածել
“Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի 31-րդ շենքի 2 մուտքերից մեկը` դեպի բակի զբոսայգի բացվողը փակ է: Ավելի ճիշտ` ինչ-որ մեկը փակել է, հարմարավետ վերանորոգել, դարձրել գրասենյակ, տվել վարձակալության: Այս հանգամանքն ստիպում է, որ հսկա շենքի 128 բնակարանների շուրջ 500 բնակիչները բակի զբոսայգի դուրս գալու համար դուրս գան հակառակ կողմից, շրջանցեն շենքը անհարմար, աստիճանապատ և սարսափելի քամոտ արանքներով, քամի, որը նորածին կամ մանկահասակ երեխայի համար մշտական հիվանդանալու պատճառ է դառնում: Իսկ մանկասայլակներն ընդհանրապես անհնար է անցկացնել վերոնշյալ կածաններով, եթե չունես մանկասայլակը երեխայով հանդերձ գրկելու ֆիզիկական ուժ: Հետևաբար` մանկասայլակով դեպի շենքի բակ քաղաքակիրթ դուրս գալու համար պետք է շրջանցես առնվազն մի քանի շենքեր: Էլ չենք խոսում երկրաշարժի, հրդեհի կամ այլ աղետների մասին, որոնց ժամանակ մուտքի փակ լինելը կբերի շենքի թվով շուրջ 500 բնակչության էվակուացիայի էական դժվարացման` իր ծանր հետևանքներով հանդերձ:
Որպես իրավական պետության քաղաքացիներ` դեռ Կ. Կարապետյանի քաղաքապետության ժամանակ դիմեցինք այս խնդրով, կարճ ժամանակ անց հայտնվեց քաղաքապետարանի համապատասխան վարչության պաշտոնյան, խնդիրն ուսումնասիրեց և արագ եկավ պատասխանը, այն է` հարգելի քաղաքացի, ի պատասխան Ձեր դիմումի` նշենք, որ նշյալ մուտքը սեփականաշնորհված է, այն է` ունի սեփականաշնորհման վկայական, տրված այսինչ թվականին, տրված անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի այսինչ բաժանմունքի կողմից (նշված էր նաև սեփականության վկայականի համարը, սեփականատիրոջ անուն ազգանունը): Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են:
Այստեղ զարմանահրաշը բոլորովին այն չէ, որ տվյալ մուտքը, կրկնում ենք` շենքի մուտքը կարող է սեփականել ինչ-որ մեկը, զարմանահրաշն անգամ այն չէ, որ ապօրինի զավթման այդ փաստը կարող է մեր երկրում ունենալ իրավաբանական ձևակերպում, տվյալ պարագայում` սեփականության վկայական (քաղաքապետարանին չէր էլ հետաքրքրել տվյալ իրավախախտման փաստը, իսկ թե ինչ ճանապարհներով է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն վկայագիր տվել հանրային օգտագործման մուտքի համար` բոլորին է պարզ), զավեշտն այստեղ այն է, որ քաղաքապետարանը, տեղեկանալով այդ անօրինականության մասին, ոչ միայն քայլ չի ձեռնարկում այն վերացնելու, այլ` քիչ էր մնում մեղադրեր մեզ, որ տեսեք, մարդը մուտքի օրինական տերն է, դուք էլ կանգնել բողոքում եք, մեզ էլ անիմաստ չարչարում:
Կարապետյանին փոխարինեց Մարգարյանը: Մենք, ավելի լավ Երևան ունենալու միամիտ երազանքներով` նորից դիմեցինք քաղաքապետարան, նորից նույն խայտառակ խնդրով: Այս անգամ` ձայն բարբառո հանապատի. անգամ չպատասխանեցին մեր նամակին: Որպես քաղաքացի` մեր վիրավորանքն այն աստիճան էր, որ պատրաստ էինք անգամ շնորհակալագիր ուղարկել Կ. Կարապետյանին` գոնե մեզ, որպես քաղաքացի, հարգելու և պատասխանելու համար: Գոնե այս փաստով տեսանք, թե քաղաքացիների հանդեպ ինչ վերաբերմունք ունեն քաղաքապետարանի ներկայիս պատասխանատուները:
Որպես քաղաքակիրթ մարդիկ` մենք արեցինք այն, ինչը կարող էինք. բարձրացրեցինք խնդիրը պատկան մարմինների առաջ երկու անգամ. զրո արդյունք, սույնով նույնն անում ենք լրատվամիջոցների միջոցով. դրական տեղաշարժերի հույսերը շատ քիչ են: Մնում է հաջորդիվ քայլի մի քանի տարբերակ. 1. իջնել և ուժով վռնդել այս օրերին մուտքը ամենայն ոգևորությամբ վերանորոգող սեփականատեր կոչեցյալի հետ, կերտել ավելի լավ Երևան` ապավինելով ոչ թե մտքին, այլ` բազկին (կան այս քայլի բոլոր իրավական ու բարոյական հիմքերը); 2. հիասթափվել երկրից ու գնալ` սկզբից շենքից, հետո` երկրից; 3. համակերպվել ու լռել:
Հ.Գ. 1. Այս օրերին մեր երկամյա Աստղիկը բարձր ջերմություն ունի, պատճառը` մուտքի ապօրինի զավթման բերումով շենքը շրջանցելն է, որտեղ էլ առկա սուր քամին ուղղակի մտնում է երեխայի թոքերը: Ես այս ամենի ողջ պատասխանատվությունը կապում եմ թաղապետարան-քաղաքապետարանի հանցավոր անգործության հետ:
Հ.Գ. 2. Շնորհակալություն բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք կհանրայնացնեն սույն խնդիրըե:
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի 31-րդ շենքի բնակիչ Վահե Սարգսյանը նամակ է տարածել