ՆՇԵԼ ԵՆ 25-ԱՄՅԱԿԸ
Ֆրանսիայի Նիս քաղաքի «Ալյանս» համահայկական միության նախաձեռնությամբ օգոստոսի 4-ին Մանդելյո քաղաքում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված ղարաբաղյան շարժման 25-ամյակին: Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, Մանդելյոյի քաղաքապետ Անրի Լերուան, տեղի հայկական համայնքի 500-ից ավելի ներկայացուցիչներ:
ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴՆԵՐՆ ԷԼ
Երեկ քաղաքապետարանի առաջ տաքսու վարորդները միացել են նստացույցի մասնակիցներին: Նրանք իրենց հետ բերել են ծրարներով ակտեր, որոնք ստացել են մեքենաները ոչ ճիշտ տեղում կայանելու համար: Տաքսու վարորդ Արթուր Խաչատրյանը NEWS.am-ին ասել է, որ մեկ ամսվա մեջ 40 ակտ է ստացել, որոնցից յուրաքանչյուրի տուգանքը 5 հազար դրամ է. «Իրենք ասում են, որ չթույլատրվող տեղ ենք կանգնել: Լավ, ընդունենք, որ խախտում արել ենք, բայց մի ամսվա մեջ 43 ակտ՝ ամեն մեկը 5 հազարի՞: Ես ի վիճակի չեմ մուծելու, ոչ էլ պատրաստ եմ իմ տունը բանկում վարկի տակ դնեմ, որ տանեմ, իրենց գումարները մուծեմ»:
ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է
Տավուշի մարզի Այգեպար գյուղի մարտական հենակետում օգոստոսի 5-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, հակառակորդի արձակած գնդակից ձախ ազդրի միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Արմենակ Այվազյանը: Նա վիրավոր վիճակում մեքենայով փորձել է հեռանալ վտանգավոր գոտուց, սակայն հակառակորդը կրակ է բացել մեքենայի դիմապակու ուղղությամբ, ինչի արդյունքում Այվազյանը ստացել է աջ դաստակի հատվածում երկրորդ վիրավորումը: Ներկայումս զինծառայողը գտնվում է բժիշկների հսկողության տակ:
ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿ
Արմավիրի մարզի Բագարան գյուղի բնակիչները երեկ դուրս են եկել հանրահավաքի` դժգոհելով Արմավիրի մարզպետարանի անգործությունից: Թուրքիայի հետ սահմանակից գյուղը գազաֆիկացված չէ, ունի խմելու ջրի խնդիր: Նախընտրական քարոզարշավի ժամանակ մարզպետը խոստացել է լուծել այդ խնդիրները, սակայն ոչինչ չի արել: Բացի այդ, 4 ամիս առաջ մարզպետարանի որոշմամբ դադարեցվել է տրանսպորտի երթեւեկությունը Բագարանից Արմավիր: «Տրանսպորտն օրը մի անգամ տուդա-աբրատնի էր անում, բայց ի՞նչ անցավ էս մեր խելոք մարզպետի ու նրա ենթակաների մտքով, որ տրանսպորտի քոքը տվեցին գյուղում: Թե՞ մտածված են անում, որպեսզի թուրքի քթի տակ գյուղը դատարկվի»,-Շամշյանին ասել են գյուղացիները: Մի քանի գյուղացիներ էլ ասել են, որ եթե տրանսպորտի ու ջրի հարցը չլուծվի, իրենք ընտանիքներով կա՛մ արտագաղթելու են, կա՛մ անցնելու են Թուրքիայի սահմանը:
ՄՈՒՌԸ ՀԱՆԵՑ
«Ռոբերտ Քոչարյանը երբեք կռվի դաշտում չի եղել: Նա Սասուն Միքայելյանին անընդհատ խնդրում էր, որ ընդունի իր ջոկատի մեջ, բայց Սասուն Միքայելյանը չարեց, չընդունեց, որովհետեւ ուզում էր ջոկատում գրվի, բայց դրախտ պտտվի, չմասնակցի ոչ մի բանի,-«Առավոտ»-ին ասել է կոնգրեսական Վարդգես Սարգսյանը` վստահեցնելով, որ Քոչարյանը հենց միայն այդ արարքի համար Սասուն Միքայելյանից փորձել է վրեժ լուծել,-Սասուն Միքայելյանի վրա մուռ պահեց, ուզում էր՝ Ազգային ժողովում Սասուն Միքայելյանին վերացնեն: Ցուցակի մեջ կար, որ 8 հոգու մեջ Սասուն Միքայելյանին էլ վերացնեն: Բայց բախտը բերեց, Վազգեն Սարգսյանն իր եղբորը եւ Սասուն Միքայելյանին ուղարկեց, Գարեգին Բ-ի ընտրության օրն է եղել: Գնաց, Սասուն Միքայելյանն ազատվեց, պրծավ, բայց դրանից հետո ի՞նչ ստացվեց, մուռը հանեց: Սասուն Միքայելյանին 8 տարի տվեցին, որ իր արածները հանի»: