Կայծակնային պատերազմների անփառունակ ավարտը. 1973-2016թթ. զուգահեռներն Արցախի և Իսրայելի օրինակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս.թ. ապրիլի 2-ի առավոտյան Ադրբեջանն անակնկալ ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչը տեւեց ավելի քան 4 օր: Ըստ էության, ԼՂ-ի հարցը կրկին դարձավ ՀՀ թե՛ ներքին, թե՛ արտաքին օրակարգի ամենաառաջնային հարցը` լայն քննարկումների դաշտ բացելով: Նախորդ անգամ քննելով 1994թ. ցայսօր Լեռնային Ղարաբաղի ու 1967-1973թթ. Արաբա-իսրայելական հակամարտությունների զարգացումների տրամաբանությունը` այժմ փորձենք պարզել անմիջապես ռազմական գործողությունների ընթացքն ու հնարավոր հեռանկարները:

1973թ. հոկտեմբերի 6-ին Եգիպտոսի ու Սիրիայի կողմից Իսրայելի վրա լայնածավալ հարձակումից 4 ամիս անց ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսսինջերն առաջարկել էր Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթին համաձայնել կարգավորման ամերիկյան տարբերակին: Վերջինս նախատեսում էր իսրայելական զորքերի դուրս բերում 1967թ. պատերազմի արդյունքում գրաված տարածքներից, թեեւ մի քանի ռազմավարական դիրքեր պիտի շարունակեին մնալ Իսրայելի վերահսկողության ներքո: Սինայի թերակղզին զիջելով Եգիպտոսին` Իսրայելը ստանալու էր խաղաղության եւ իբրեւ պետական սուբյեկտի ճանաչման պայմանագիր:

Սադաթը, նպատակադրված լինելով հարցը լուծել ռազմական ճանապարհով, նույնիսկ չարձագանքեց ԱՄՆ պետքարտուղարի կոչին: Պատահական չէ, որ Եգիպտոսը այդ ընթացքում շարունակում էր ուժեղացնել իր բանակը եւ ինչպես Ալիեւը այս շրջափուլում, նույն ձեւով էլ Սադաթն էր հայտարարում, որ իրենք պատրաստ են ցանկացած գնով վերադարձնել կորցրած տարածքները: Նկատելի է, որ Սադաթը իսկապես լուրջ էր տրամադրված ռազմական գործողություններ սկսելու հարցում, ինչը ցույց են տալիս այդ մասին տարիներ շարունակ նրա արած բազմաթիվ հայտարարությունները: Եվ, ահա, նույնիսկ չսպասելով ԽՍՀՄ-ի օգնությանը` Սադաթը նախաձեռնեց սահմանի վրա զորավարժություններ, որոնց ընթացքում լուրջ ռազմատեխնիկայի ու զորքերի տեղաշարժը նոր պատերազմի կասկած չէր թողնում:

Մասամբ դրանով էր պայմանավորված նաեւ Իսրայելի լուռ կեցվածքը: Իր սահմանի վրա ընթացող զորավարժություններից անհանգստանալով հանդերձ` Իսրայելը որեւէ բան չձեռնարկեց պատերազմը դեռ չսկսած հակաքայլեր իրականացնելու իմաստով: Ավելին` ԱՄՆ-ը Խորհրդային Միության հետ հարաբերությունների ճշգրտման բավականին բարդ գործընթացում էր ներգրավված, ուստի խիստ բացասաբար էր վերաբերում տարածաշրջանում հնարավոր ցանկացած անկայունության: Այդ իսկ պատճառով էլ Իսրայելի վարչապետ Գոլդա Մեյրը Եգիպտոսի ագրեսիայից առաջ խոսք էր տվել Քիսսինջերին ու ԱՄՆ նախագահ Նիքսոնին, որ Իսրայելի կողմից կանխարգելիչ հարված չի հասցվելու: Արդյունքում` Իսրայելը երկու կողմից լուրջ հարձակման ենթարկվեց: Հարկադրված լինելով երկու ճակատով պատերազմել` իսրայելական բանակը սկզբնական շրջանում լուրջ զիջումների գնաց` ընդհուպ մինչեւ մի քանի կիլոմետր նահանջելով: Սակայն գրագետ ու հաշվարկված հակահարձակումների շնորհիվ իսրայելական զինված ուժերը կարճ ժամանակամիջոցում կարողացան վերագրավել կորցրած դիրքերը:

1994թ. հրադադարից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ադրբեջանը շարունակաբար հրաժարվում էր համաձայնության գալուց: Նույնիսկ խիստ կասկածելի է, որ եթե 1998թ. Տեր-Պետրոսյանը հրաժարական չտար ու պնդեր կարգավորման իր տարբերակի վրա, արդյո՞ք Հեյդար Ալիեւն այդքան համարձակություն կունենար ստորագրելու համաձայնագիրը: Քանիցս նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում բանակցային վերջին իրական հնարավորությունը 2011թ. Կազանի գագաթնաժողովն էր, որտեղ ի հեճուկս Հայաստանի համաձայնության` Ադրբեջանը կրկին հրաժարվեց կարգավորումից: Խնդիրն այն է, որ Ալիեւը Սադաթի նման հակված էր հարցը լուծել ռազմական ճանապարհով` վստահ, որ ռազմատեխնիկայի ու բանակի հզորացման միջոցով հապճեպորեն անակնկալի բերելով դիմացինին` կստիպի նրան ընդունել իր թելադրած խաղաղության պայմանները: Ալիեւը նույնպես այս տարիների ընթացքում բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով եւ ետ վերցնել «իր հողերը»:

Ամենահետաքրքիրն այն է, սակայն, որ Ալիեւի հայտարարությունները, ինչպես ժամանակին Սադաթի դեպքում, ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ առանձնապես հայկական կողմը լուրջ չէին ընդունում: Հատկապես Ադրբեջանի տնտեսական զարգացման պիկից` 2011-12թթ. հետո անհնար էր պատկերացնել, որ նման թույլ իրավիճակում Ալիեւը պատերազմ է սկսելու: Այսկերպ կարելի է միայն բացատրել Սերժ Սրագսյանի կողմից 2015 թվականին բացառապես սեփական դիրքերի ամրապնդմանն ուղղված գործողությունները` առանց մտածելու Արցախի մասին:

Ինչեւէ, ադրբեջանական առաջխաղացումը հաջողությամբ կանգնեցնելուց եւ հակահարձակման անցնելուց հետո հայկական կողմը հանկարծահաս կերպով ընդառաջ գնաց Մոսկվայից եկած հրահանգին եւ դադարեցրեց իր հաղթարշավը: Եթե Իսրայելը ժամանակին ԱՄՆ-ի թելադրանքով էր զսպում կանխարգելիչ հարվածը, ապա Հայաստանն էլ Ռուսաստանի ճնշմամբ դադարեցրեց դիրքերի ետ գրավումը:

Ստացվեց այնպես, որ Մոսկվայի միջամտությունը ուղղորդիչ նշանակություն ձեռք բերեց ՀՀ եւ ԼՂ իշխանությունների համար: Դրա շնորհիվ այսօր Ռուսաստանն ի վիճակի է կողմերին խաղաղություն պարտադրել, ինչպես նաեւ պատերազմ հրահրել, ինչը լիովին փաստվեց ապրիլի 1-5-ն ընկած ժամանակամիջոցում: Ըստ էության, այն նույն դերը, որն ունեցավ ԱՄՆ-ն Իսրայելի համար, Ռուսաստանը չունեցավ Հայաստանի համար: Եթե ԱՄՆ-ն զգալիորեն օժանդակեց Իսրայելին Եգիպտոսի ու Սիրիայի դեմ պայքարում, ապա Ռուսաստանն անմիջապես հավասարության նշան դրեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Հենց այստեղ դրսեւորվում է նաեւ Իսրայելի ու Հայաստանի քաղաքական էլիտաների միջեւ առկա անդունդը, ինչի մասին կխոսենք հաջորդիվ:

Հ. Գ. Ի դեպ, պատերազմի արդյունքում գերի ընկած իսրայելցի զինվորները եգիպտա-սիրիական ուժերի կողմից ենթարկվել էին ամենադաժան կտտանքների թե՛ սպանվելուց առաջ, թե՛ հետո: Ինչպես ադրբեջանական գազանությունների հեղինակները, այնպես էլ եգիպտա-սիրիական այն դահիճները, որոնք ամենամեծ գազանություններն էին անում իսրայելցի զինվորների հանդեպ, խրախուսվում էին իրենց իշխանությունների կողմից` արժանանալով բարձր կոչումների ու պարգեւների:

Շարունակելի
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս