ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԿԱՏԱՐՎԻ
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է կենսաթոշակների վճարման հետ կապված խնդիրներին. «Պատճառն այն էր, որ ցուցակները ժամանակին տեղ չէին հասել: Ես հանձնարարել եմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին, ինչպես նաեւ վարչապետի վերահսկողության ծառայությանը քննություն կատարել»: Վարչապետը նաեւ նշել է. «Կան մարդիկ, որոնք դեռեւս փորձում են որոշակի մեթոդներով անօրինական փող վաստակել: Բոլոր նյութերը կնախապատրաստվեն նախարարության կողմից, եւ սեպտեմբերին մենք հրապարակայնորեն կներկայացնենք, թե ինչպիսի չարաշահումներ են առկա եղել համակարգում»:
ՉԻ ՊԱՅԹԵԼ ԱԿԱՆԻ ՎՐԱ
ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը երեկ հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունները, ըստ որոնց՝ ղարաբաղցի զինվորը շփման գծի չեզոք գոտում պայթել է ականի վրա։ Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով, 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԴԱՍԱԴՈՒԼ ԿԱՆԵՆ
«Ներազգային ազատագրական շարժման» մասնակիցները երեկ «Կասեցում», «Մի՛ թալանեք մեր ընտանեկան բյուջեն», «Ոչ թալանին» գրությամբ պաստառներով բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ: Ակտիվիստները պատրաստվում են առաջիկայում ավելի մասշտաբային բողոքի ակցիա անցկացնել, իսկ սեպտեմբերից էլ ուսման վարձը չվճարելու եւ դասադուլ անելու կոչ են անելու:
ՊՈՒՏԻՆԸ ԿԳՆԱ ԲԱՔՈՒ
Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանելու օգոստոսի 13-ին: Նրան ուղեկցելու է մեծ պատվիրակություն, որում ներառվելու են էներգետիկ խոշորագույն ընկերությունների ղեկավարները: Այցի ընթացքում քննարկվելու են մի շարք կարեւոր թեմաներ, այդ թվում նաեւ՝ էներգետիկ բնույթի եւ էներգետիկ անվտանգության խնդիրներ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Նշվում է, որ Պուտինը վերջին անգամ Բաքու է ժամանել 7 տարի առաջ:
ԱՆՈՐԱԿ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանի հիման վրա «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «Քամած մածուն», «Մածուն 3.2%», «Կաթ պաստերացված», «Թան», «Կաթնաշոռ 2%», «Կաթնաշոռ 9%», «Թթվասեր» արտադրատեսակներից 2013թ. հուլիսի 29-ին կատարվել է նմուշառում եւ ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի արձանագրության՝ նշված արտադրատեսակները ԱՑԽՄ, բորբոսասնկեր, խմորասնկեր ցուցանիշներով, «Կաթ պաստերացված» արտադրատեսակը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով, «Թան» արտադրատեսակը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ ցուցանիշներով, «Թթվասեր» արտադրատեսակը՝ խմորասնկեր, բորբոսասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի թիվ 1925-Ն որոշման պահանջներին:
ԺՈՂՈՎՐԴԻՆ ՇԵՂՈՒՄ ԵՆ
«Ես` Հայաստանի Հանրապետության Քաղաքացիս, միանում են ներկայացված դատական հայցին ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ առ այն, որ նա 1995թ.-ին, կեղծելով սահմանադրական հանրաքվեն, ժողովրդից խլեց իշխանությունը»,-այս օրերին նշված բովանդակությամբ ստորագրահավաք է իրականացվում ՀՀ քաղաքացիների շրջանում: ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն «Առավոտ»-ին այդ կապակցությամբ ասել է. «Իշխանությունը ժողովրդի ուշադրությունը շեղելու ձեւեր է փնտրում: Փոխանակ օֆշորային սկանդալին, գների թանկացման, գազի գնի հետ կապված հարցերին պատասխան տան, իշխանությունը այդ խոսակցությունները մոռացության մատնելու համար պատմություններ է հիշում»: