Երկու-երեք ամիս է` Իջեւան քաղաքի Սպանդարյան փողոցի 1-ին եւ 2-րդ բազմահարկ շենքերի բնակիչները բողոքում են աննախադեպ բազմացած առնետներից: Խոշոր կրծողները նկուղներից բարձրացել են հարկեր եւ կարող են մուտք գործել բնակարաններ: Առնետների վախից որոշ ծնողներ իրենց փոքրիկներին արգելել են խաղալ շենքերի բակերում: Դրանք տարածված են նաեւ մարզկենտրոնի բազմաբնակարան այլ շենքերում: Խնդրի առնչությամբ դիմեցինք հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Տավուշի մարզային բաժին, որտեղից հայտնեցին, որ Սպանդարյան փողոցում շատ կան խոռոչներ, որոնք հարմար են առնետների բազմացման համար: Նաեւ շեշտեցին, թե Իջեւանում առնետների միջոցով փոխանցվող հիվանդություններ չեն արձանագրվել: Տեսչությունից փոխանցեցին, որ իրենց շենքում տեղակայված է առնետների վնասազերծմամբ զբաղվող «Իջեւանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ գրասենյակը: Այդ մասնավոր կազմակերպությունը, պատվերների առկայության դեպքում, պայմանագրային հիմունքներով կատարում է ախտահանում եւ առնետների վնասազերծում: Սակայն Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանից տեղեկացանք, որ քաղաքապետարանն այս կազմակերպության հետ Իջեւանում ախտահանման եւ առնետների վնասազերծման աշխատանքների պայմանագիր չունի: Այդպիսով` ստացվում է, որ բնակիչներն իրենք պետք է վճարեն առնետներից ազատվելու համար:
ՎԽՏՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ