Հովիկ Աբրահամյանը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրենին 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ, Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամի՝ խորհրդի կողմից նշանակված գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մկրտիչեանին:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արման Խաչատրյանին՝ համատեղ աշխատանքի և անցած տարիների ընթացքում կատարած ծավալուն գործունեության համար և նշել, որ որևէ դժգոհություն չունի նրա աշխատանքից: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Արման Խաչատրյանն իր հետագա գործունեությունը կշարունակի ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնում:

Ներկայացնելով Կարեն Մկրտիչեանին՝ վարչապետը նշել է, որ չնայած երիտասարդ տարիքին՝ պարոն Մկրտիչեանն ունի հարուստ աշխատանքային փորձ: «Ես Կարեն Մկրտիչեանին եմ ներկայացրել իմ տեսլականն ու ծրագրերը, որոնք պետք է իրականացնի հիմնադրամը: Համոզված եմ, որ նա իր գիտելիքներն ու փորձն առավելագույնս կներդնի՝ հիմնադրամի գործունեությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու և մեր պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: Հիմնադրամի գործունեության ոլորտում ունենք լուրջ անելիքներ և համատեղ աշխատանքի շնորհիվ կկարողանանք արձանագրել լուրջ արդյունքներ»,- ասել է վարչապետը և Կարեն Մկրտիչեանին մաղթել բեղմնավոր աշխատանք:

Zargacman himnadram5 karen mkrtichean

Արման Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար՝ նշելով, որ հիմնադրամի աշխատակազմն այս ընթացքում փորձել է ներդնել առավելագույն ջանքեր՝ իր առջև դրված խնդիրներն ու նպատակները կյանքի կոչելու համար: Պարոն Խաչատրյանը շնորհավորել է Կարեն Մկրտիչեանին և նրան մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Իր հերթին, նորանշանակ հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը շնորհակալություն է վարչապետին՝ վստահության, և Արման Խաչատրյանին՝ ծավալուն գործունեության համար: Նրա համոզմամբ՝ ՀՀ վարչապետի աջակցությամբ, միասնական աշխատանքով, հիմնադրամի առջև դնելով հստակ նպատակներ՝ կկարողանան հասնել արդյունավետ գործունեության: Այնուհետև վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի զարգացման հիմնադրամի առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր: Հովիկ Աբրահամյանը կարևորել է հիմնադրամի արդյունավետ աշխատանքը՝ ուղղված ներդրումների ներգրավմանը, արտահանման ծավալների ընդլայնմանը, զբոսաշրջության զարգացմանը և տվել համապատասխան հանձնարարականներ:




Լրահոս