Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական վիճակի նախնական` օպերատիվ արդյունքները, ըստ որոնց՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-մարտ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 5,5 տոկոսով:
Անզեն աչքով էլ նկատելի է, որ այս տարվա առաջին ամիսներին տնտեսության վիճակն ավելի ակտիվ է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում, երբ կարելի էր ասել, որ Հայաստանի տնտեսությունը գրեթե կաթվածահար վիճակում էր գտնվում: Սակայն այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք:
Այսպես՝ անցած տարվա նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014-ի համեմատ աճել էր 2,5 տոկոսով: Այսինքն՝ չնայած տնտեսությունն իրականում կաթվածահար վիճակում էր, դեպի ԱՊՀ երկրներ գրեթե ոչ մի ապրանք չէր արտահանվում, տրանսֆերտները կիսով չափ նվազել էին, առեւտրաշրջանառությունը նվազել էր 6 տոկոսով եւ այսպես շարունակ, բայց միեւնույն է՝ պաշտոնական վիճակագիրները տնտեսական աճ էին արձանագրել: Այս տարի արդեն արտահանումը, անցած տարվա ողբերգական թվերի համեմատ, որոշակի կարգավորվել է, եւ աճ է արձանագրվել, որը կազմել է 26,3 տոկոս:
Այսինքն՝ ստացվում է արտահանման 23 տոկոս անկման դեպքում 2015-ին պաշտոնական վիճակագիրները տնտեսության 2,5 տոկոս աճ էին գրել, այս տարի արտահանման 26 տոկոս ավելանալու պայմաններում` 5,5 տոկոս: Անցած տարվա առաջին եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալները բնեղեն տեսքով նվազել էին, բայց գնաճի շնորհիվ պաշտոնական վիճակագիրները արդյունաբերական արտադրանքի գումարային արժեքի 2 տոկոսով աճ էին «նկարել»: Այս տարի ավելացել են ինչպես արդյունաբերական արտադրանքի բնեղեն ծավալները, այնպես էլ գումարային արժեքը, ինչը արտահանման ծավալներով է պայմանավորված: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ազգային վիճակագիրները հատուկ միջոցներ են ձեռնարկել` տնտեսական «աճը» մի փոքր զսպելու համար, որպեսզի անցած տարվա իրենց «բլեֆը» ամբողջությամբ նկատելի չդառնա:
Արդյունքում, պաշտոնական վիճակագիրները անհավանական բան են արել. նախ ընդհանուր գնանկում են գրել` 1,4 տոկոս: Այլ կերպ ասած՝ մարդիկ Հայաստանում գների իջեցում են արձանագրել, իսկ թե որտեղ են նման բան նկատել, դա թերեւս միայն իրենց է հայտնի: Սակայն առավել ուշագրավ է այն փաստը, որ, ըստ ԱՎԾ-ի, արդյունաբերական արտադրանքի գները եւս իբր 4 տոկոսով նվազել են:
Ի դեպ, դեռեւս չի հրապարակվել այս տարվա մարտին արտերկրից ֆիզիկական անձանց անունով Հայաստան փոխանցված գումարների վերաբերյալ վիճակագրությունը: Կասկածից վեր է, որ այս տարվա առաջին երկու ամիսներին արձանագրված դինամիկան պահպանվելու է, եւ անցած տարվա մարտի համեմատ տրանսֆերտները կրկին կիսով չափ կնվազեն, ինչպես հունվարին եւ փետրվարին:
Ներկայացվող տնտեսական աճի հետ կապված մեկ ուշագրավ հանգամանք եւս կա: Ինչպես հայտնի է՝ այս տարվա առաջին երկու ամիսներին պետբյուջեի մուտքերը անցած տարվա համեմատ նվազել էին: Չնայած մարտին հավաքագրված հարկեր-տուրքերի պաշտոնական թվերը դեռ չեն հրապարակվել, սակայն ակնհայտ է, որ պատկերը դժվար թե փոխված լինի: Նման իրավիճակը, մեղմ ասած, տարօրինակ է: Ի վերջո, տնտեսության վիճակի ամենաառաջնային ցուցիչը եւ բնութագիրը հարկերն են: Տնտեսական աճը ենթադրում է, որ ընկերությունները զարգանում եւ առաջ են գնում, հետեւաբար նրանց վճարած հարկերը եւ տուրքերը եւս պետք է ավելանան:
Իսկ երբ պաշտոնական վիճակագիրները տնտեսության աճ են արձանագրում, իսկ հարկերը եւ տուրքերը նվազում են, ապա դա երկու բացատրություն է ունենում. ինչ-որ մարդիկ գողանում են պետբյուջեի միջոցները, կամ էլ աճը կեղծ է ու իրականության հետ կապ չունի:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՔՈՉԱՐՅԱՆԻ ՏԱՆ ՎՐԱ ՆԵՏՎԱԾ ՆՌՆԱԿԸ
Երեկ հայտնի դարձավ, որ ապրիլի 15-ին Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա ուսումնական նռնակ նետելու կասկածանքով ձերբակալված Հովհաննես Մուրադյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի խուլիգանության հատկանիշներով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ուսումնական նռնակ նետած Հովհաննես Մուրադյանի հայրը` Սերգեյ Մուրադյանն ասաց, որ որդին Աստծո կամոք է փրկվել, եւ բացառված չէր, որ այդ պատմությունը կարող էր ավելի վատ հետեւանքներ ունենալ: Ըստ նրա՝ երբ որդին մոտեցել է պահակակետին եւ նետել է ուսումնական նռնակը, պահակակետում ծառայություն իրականացնող պետական պահպանության ծառայության աշխատակիցները, ըստ էության, նկատել են նրան, սակայն չեն հասցրել կանխել գործողությունները: «Սմենափոխության ժամն է եղել, ու պահակակետի տղաները դեռ զենք ստացած չեն եղել: Պատկերացնո՞ւմ եք, եթե պահակակետի աշխատակիցները զենք ստացած լինեին, կրակեին ու…»,- տխուր պատմեց Մուրադյանը:
ԱՅՍՕՐ ԿԹՌՉԵՆ
«Ժողովուրդ»-ը «Արմենիա» ավիաընկերությունից տեղեկացավ, որ ընկերության ծրագրերում ոչ մի փոփոխություն չի եղել: «Արմենիա» ավիաընկերության առաջին չվերթը տեղի կունենա այսօր, ուղղությունը՝ Իսրայել: Նշենք, որ չվերթի ավիատոմսերն վաղուց արդեն վաճառքում էին: «Ամեն ինչ նախատեսված ծրագրով կիրականացվի, ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել մեր չվերթներում: Վաղը (այսօր-խմբ.) իրականացվելու է Երեւան-Թել Ավիվ չվերթը, ըստ նախատեսված ժամանակացույցի»,-տեղեկացրին ավիաընկերությունից: Հիշեցնենք, որ «Արմենիա» ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը, Թամազ Գայիաշվիլին եւ Ռոբերտ Հովհաննիսյանը: Թամազ Գայիաշվիլին «Airzena» վրացական ավիաընկերության հիմնադիրն է եւ ընկերության տնօրենների խորհրդի նախկին նախագահը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը եղել է վերը նշված վրացական ավիաընկերության փոխտնօրենը:
ԴԵՍՊԱՆԸ ՏՈՒՆ Է ԳՆԵԼ
Վրաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը անցած տարվա ընթացքում 173 հազար 281 դոլար արժողությամբ բնակարան է գնել: Նրա փոխառության գումարի չափը անցած տարվա սկզբին կազմել է 200 հազար դոլար, իսկ տարեվերջին՝ ավելի քան 26 հազար դոլար: Դեսպանի դրամական միջոցները անցած տարի կազմել են 3 մլն 350 հազար դրամ եւ 22 հազար դոլար: Նա, իբրեւ եկամուտ, հայտարարել է իր՝ դեսպանի աշխատավարձը, որը ամսվա կտրվածքով կազմում է 2 հազար 454 դոլար: Դեսպանի կինը՝ Էլեոնորա Վարդանյանի հայտարարագիրը շատ աղքատիկ է: Նա հայտարարագրել է միայն 2 հազար 472 դոլարի եկամուտ, իբրեւ «այլ եկամուտ»:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԿԲԱՐՁՐԱՑՆԻ՞
Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում ապրող 5000-ից ավել հայեր իրենց ստորագրությունն են դրել Սերժ Սարգսյանին հասցեագրված բաց նամակի տակ, որում կոչ է արվում ապրիլի 22-ին Երեւանում Սերգեյ Լավրովի հետ սպասվող հանդիպման ընթացքում բարձրացնել Մոսկվայում կալանավորված բարերար Լեւոն Հայրապետյանի պատժի տեսակը փոխելու հարցը՝ վերջինիս առողջական վիճակի բերումով: Հավելենք, որ մեկ այլ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակի տակ իր ստորագրությունն է դրել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Այս նամակը անցած հինգ օրում ստորագրել է ավելի քան հիսուն հազար մարդ:
ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆ
ԵԽԽՎ-ն երեկ ղարաբաղյան հակամարտության հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է. «Համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի, ԵԽԽՎ-ն վերահաստատում է իր շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` միակ միջազգայնորեն համաձայնեցված միջնորդական ձեւաչափի ջանքերին` այս հակամարտության տեւական եւ արդար կարգավորմանը հասնելու համար: Հետեւաբար, մենք հորդորում ենք հարգել Մինսկի խմբի համանախագահների շարունակական կոչերը` չխաթարելու նրանց առաքելությունը եւ չբարդացնելու ընթացող բանակցությունները: Մենք խրախուսում ենք բոլոր կողմերին` ձեռնարկելու վճռորոշ քայլեր եւ ցուցաբերելու անհրաժեշտ քաղաքական կամք, որպեսզի հասնեն բանակցված կարգավորմանը` հիմնված համանախագահ երկրների` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի` 2009 թվականից իրենց նախագահների մակարդակով հինգ հայտարարություններում արված առաջարկների վրա»:
ԿՈՆՍԵՆՍՈՒՍԸ ՉԿԱՅԱՑԱՎ
Նոր ԸՕ շուրջ 4+4+4 ձեւաչափով բանակցությունների ձախողման հետ կապված ՀԱԿ-ը եւ ՕԵԿ-ը հանդես են եկել հայտարարությամբ, որում ասված է. «Իշխանության ջանքերով չկայացավ երկրի ու հասարակության համար այդքան անհրաժեշտ կոնսենսուսը` ընտրական գործընթացը ազատ, արդար ու թափանցիկ դարձնելու, ընտրական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը վերականգնելու համար: Ուստի լայն կոնսենսուսի բացակայությամբ ընդունվելիք ընտրական օրենսգիրքն ավելի է խորացնելու իշխանության եւ ժողովրդի միջեւ առկա անջրպետը: Ընտրական արատավոր ավանդույթները շարունակվում են: Սրա վառ ապացույցն են ապրիլի 17-ի ՏԻՄ ընտրությունները: Առավել ակնառու կերպով դրանք դրսեւորվեցին Հրազդանի եւ Թալինի քաղաքապետերի ընտրություններում: Մենք շարունակելու ենք ընտրական օրենսգրքի նախագծի արմատական բարեփոխմանն ուղղված մեր ջանքերը` դա դիտելով Հայաստանի ժողովրդավարացման, ներքին կայունության ապահովման կարեւորագույն միջոց»:
ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը երեկ ԱԳՆ-ում ընդունել է Հայաստանի, Եվրոպայի եւ Ռուսաստանի եզդիական եւ ասորական համայնքային կառույցների ղեկավարներին եւ ներկայացուցիչներին: Ընդգծելով եղբայրական եզդի եւ ասորի ժողովուրդների հետ դարավոր բարեկամության առկայությունը, Քոչարյանը հավաստիացրել է, որ Հայաստանը շարունակելու է հետեւողական քայլեր ձեռնարկել Մերձավոր Արեւելքում կրոնական եւ ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացվող մարդկության դեմ հանցագործությունները կանխելու եւ ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: