Օգոստոսի 20-21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերթական շրջայցն է կատարել հյուսիսարևելյան սահմանագոտի: Նախարարին ուղեկցել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Սեյրան Օհանյանը այցելել է բանակային զորամիավորման մի շարք զորամասեր, ծանոթացել է զորամասերում իրականացվող շինարարական աշխատանքներին, եղել է զորանոցներում: Առանձնակի ուշադրության են արժանացել ստորաբաժանումներում գործող օժանդակ կառույցների շինությունների պահպանման և վերանորոգման աշխատանքները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է նաև զորամասերում գործող զինվորական ճաշարանների շենքային և սանիտարահիգենիկ պայմաններին, նախաճաշել է զինվորների հետ:
Իր և պաշտպանության նախարարության ղեկավարության անունից ողջունելով զինծառայողներին Ս.Օհանյանը նշել է. “Երբ ես այցելում եմ առաջնային գիծ, ինձ համար տարբերություն չկա, ես աջակցում, խրախուսում եմ և առաջնագծում կանգնած զինվորին և առաջնագծի խաղաղ բնակչությանը, որոնք, ըստ էության, մեր երկրի զինվորներն են և ամեն պահի կանգնած են զինվորի կողքին, իսկ զինվորը կանգնած է նրանց կողքինե: Նախարարը նշել է, որ ,վերջին տարիներին ձեր զորամիավորումում նվազել են դժբախտ պատահարները, կանոնակարգվել են միջանձնային հարաբերությունները”: Ս.Օհանյանը պատասխանել է նաև զինծառայողների հարցերին:
Նախարարը մարտական հենակետերում ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը, ծանոթացել է զինծառայողների մարտական պատրաստությանը, բարոյահոգեբանական վիճակին, հետաքրքրվել զինվորների առօրյայով, կենցաղային պայմաններով: Սեյրան Օհանյանը մի շարք սպաների և զինվորների պարգևատրել է թանկարժեք նվերներով: Շրջայցի ավարտին աշխատանքներն էլ ավելի արդյունավետ իրականացնելու համար պաշտպանության նախարարը հանձնարարականներ է տվել զորամիավորման ղեկավարությանը: