Միջնորդ ժողովրդի և զինվորի միջև. երիտասարդ աստղերի բարեգործական համերգի հասույթը կփոխանցվի վիրավոր զինծառայողի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի հայ երիտասարդ արտիստներ միավորվել են մեկ նախաձեռնության շուրջ. նրանք մայիսի 9-ին հանդես կգան բարեգործական համերգով` նվիրված հաղթանակած հայ զինվորին: Սոնա Ռուբենյանի, Հայկ Պետրոսյանի, Սեւակ Ամրոյանի, Նարինե Դովլաթյանի եւ The Beautified Project-ի մասնակցությամբ համերգի ընթացքում կհնչեն թեմատիկ, հայրենասիրական սիրված երգեր՝ նոր մատուցմամբ եւ կենդանի նվագակցությամբ: Ստացված ողջ հասույթը կտրամադրվի Արցախի քառօրյա պատերազմում ծանր վիրավորված ժամկետային զինծառայող 19-ամյա Ռուբեն Առաքելյանին:

Սոնա Ռուբենյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ամեն մեկն իր չափով պետք է օգնի հայ զինվորին. «Արվեստի մարդիկ նման նախաձեռնություններում մեծ դեր ունեն: Եթե մենք ապրում ենք այս երկրում, ապա ամեն զինվորի ցավ նաեւ մեր ցավն է: Չեմ կարող բացատրել, թե վերջին քառօրյա պատերազմի օրերին ինչ զգացողություններ ապրեցի…

Ես հասկացա ավագ սերնդի ներկայացուցիչներին, որոնք ամեն առիթով մեզ խաղաղություն են մաղթում: Նախկինում երիտասարդներս այդ ամենը չէինք ընկալում: Երբ հայրս պատմում էր ինձ, որ իր բակի տղերքը գնացին պատերազմ ու չեկան, ես չէի գիտակցում, թե դա ինչ բան է, բայց երբ իմ սերնդակից տղաները զոհվեցին, նոր հասկացա խաղաղության համը եւ սկսեցի արժեւորել այն: Կամ երբ մայրս պատմում էր, թե ինչ դժվար է եղել 1993-ին, երբ ես ծնվել եմ, ես պարզապես լսում էի նրան, իսկ հիմա արդեն սկսեցի գնահատել այն, ինչ այսօր ունեմ»,- նշեց նա:

Երգչուհին նաեւ պատմեց, որ ինքը երկար ժամանակ պլանավորում էր տեսահոլովակ նկարահանել իր «Մայրիկ» երգի հիման վրա, եւ երբ վերջապես ձեռնամուխ էր եղել այդ գործընթացին, սկսվել էր քառօրյա պատերազմն ու խախտել բոլոր պլանները. «Նախապես վճռված էր, թե ինչ տեսահոլովակ պետք է ստանայինք, ապրիլի 1-ին էլ նշանակված էր նկարահանման առաջին օրը: Սակայն վերջին իրադարձությունները ստիպեցին մեզ մտափոխվել. չէ՞ որ դու այլեւս չես կարող ապրել այնպես, ինչպես ապրում էիր նախկինում: Այդպիսով` որոշեցինք տեսահոլովակը նվիրել մեր զոհված զինվորների մայրերին: Մենք նկարահանեցինք 1990-ականներից մինչեւ 2014 թվականը զոհված 13 հայ զինվորների մայրերի»,- մանրամասնեց նա:

Երգիչ Սեւակ Ամրոյանն էլ մեզ հետ զրույցում շեշտեց, որ բազմաթիվ են այն զինվորները, որոնց հարկավոր է օգնել, ուստի, հնարավոր է, համերգային այս ծրագիրը շարունակական բնույթ կրի: Նրա խոսքով` իրենք չեն պատրաստվում «լալկան» երգեր ներկայացնել. «Համերգի ընթացքում կհնչեն զգացմունքային, հզորություն հաղորդող գործեր: Մենք ցույց կտանք հպարտություն, սեր եւ հարգանք մեր զինվորների նկատմամբ: Իսկ ինչ վերաբերում է օգնությանը, ապա այն միայն մեր կողմից լինել չի կարող, պետք է ժողովուրդն էլ ակտիվ կերպով մասնակցի այս եւ այլ նախաձեռնությունների` թեկուզ փոքր ներդում ունենալով զինվորին օգնելու հարցում: Խաղաղություն մեր երկրին եւ առողջություն մեր զինվորներին»,-ասաց նա:

Երգչուհի Նարինե Դովլաթյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ համերգի մտահղացումը պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանինն ու Հայկ Պետրոսյանինն է: «Ինձ առաջարկեցին մասնակցել, սիրով համաձայնեցի: Մենք այս պարագայում կարծես միջնորդ լինենք ժողովրդի եւ այն մարդկանց միջեւ, որոնք ունեն օգնության կարիք»,-նկատեց նա:

Նարինեն խոստովանեց, որ անչափ հպարտ է մեր զինվորներով. «Ես, ինչպես բոլորը, հետեւում էի վերջին իրադարձություններին, ինձ առանձնապես հուզել է նռնականետով ուղղաթիռ պայթեցրած զինվորի արարքը: Նրա մասին հաղորդում էի դիտում, ասվում էր, որ այդ տղայի համար փոքր ժամանակ հեքիաթների փոխարեն Վազգեն Սարգսյանի մասին պատմություններ են ընթերցել… Սրանով ամեն բան ասված է»,-ընդգծեց նա` հավելելով, որ եթե հարկ լինի, ինքը պատրաստ է մեկնել սահման, օգնել տղաներին, անհրաժեշտության դեպքում անգամ զենք վերցնել եւ կռվել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս