Մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի արտաքին մաքրման, ներկման եւ բարեկարգման աշխատանքները Երեւանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով մեկնարկել էին հունիսին:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այս տարի ծրագրում ներառվել էր 32 շենք` Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի եւ Շենգավիթ վարչական շրջաններում: Նախատեսվածի համաձայն՝ մեծ ճնշման ջրաշիթերով եւ հատուկ հեղուկներով լվացվել եւ մաքրվել են շենքերի ճակատային հատվածները, վերականգնվել են արտաքին պատերի եւ պատշգամբների թափված ծեփոնները, 10-ից ավելի շենքերում նաեւ ներկման աշխատանքներ են իրականացվել: Անհրաժեշտության դեպքում նորերով են փոխարինվել նաեւ պատուհաններ, վերականգնվել են տեղաշարժված կամ քանդված քարերը:
Ծրագիրը, ինչպես եւ նախատեսված էր, ավարտվել է օգոստոսին: Նշենք, որ մայրաքաղաքում շենքերի մաքրման եւ բարեկարգման աշխատանքները կշարունակվեն նաեւ 2014 թվականին: