Ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը բազմաթիվ քաղաքացիների, ազատամարտիկների տարավ առաջնագիծ: Ընդ որում, կամավորներից շատերը իրենց ընտանիքների միակ կերակրողն են եւ այժմ առաջնագծում գտնվելու պատճառով չեն կարողանում հոգալ ընտանիքի կարիքները:
«Ժողովուրդ»-ը այս առնչությամբ զրուցել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ` պարզելու համար՝ արդյոք կառավարության կողմից համապատասխան քայլեր արվում են զինծառայողների եւ կամավորականների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ:
-Պարո՛ն Ասատրյան, ապրիլի սկզբից բազմաթիվ կամավորականներ մեկնել են առաջնագիծ եւ դեռեւս շարունակում են այնտեղ մնալ: Սակայն կամավորականներից շատերի ընտանիքները այժմ դժվար կացության մեջ են հայտնվել, քանի որ նրանց միակ կերակրողը առաջնագծում գտնվելու պատճառով չի կարողանում իրենց կարիքները հոգալ: Դուք կամավորականների ընտանիքներին օգնելու նպատակով որեւէ նախաձեռնությամբ պատրաստվո՞ւմ եք հանդես գալ:
-Աշխարհազորայինների հետ կապված մենք ունենք համապատասխան որոշման նախագիծ, որը ներկայումս շրջանառվում է: Մենք կունենանք ՀՀ կառավարությունում քննարկմանը ներկայացված այդպիսի նախագիծ, որը վերաբերելու է աշխարհազորայինների ընտանիքների սոցիալական երաշխիքներին: Բնականաբար, առաջին հերթին նկատի ունենալով զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքների համակարգը, ապա նաեւ` այն աշխարահազորայինների վրա տարածելու հանգամանքը: Ինչ վերաբերում է արդեն վիրավոր, հաշմանդամ դարձած թե՛ զինծառայողներին, թե՛ աշխարհազորայիններին, բնականաբար, նույն համակարգը նախատեսվում է կիրառել նաեւ տվյալ անձանց նկատմամբ:
-Չեք կարծո՞ւմ, որ ավելի ճիշտ կլինի, եթե կամավորականները կոնկրետ որեւէ կարգավիճակ ստանան եւ վճարվեն: Այս կերպ նրանք հնարավորություն կունենան թե՛ պահպանել հայրենիքի սահմանները, թե՛ հոգալ ընտանիքի կարիքները:
-Ես կարծում եմ, որ այդ խնդիրների քննարկումները եւ լուծումները առաջին հերթին պաշտպանության նախարարության իրավասության ներքո են, եւ ես վստահ եմ, որ այդ ուղղությամբ ՊՆ-ն քայլեր անում է եւ կանի:
-Պարո՛ն Ասատրյան, ըստ Ձեզ՝ այս իրավիճակում ճիշտ չի լինի՞ պայմանագրային զինծառայողների աշխատավարձը եւս բարձրացնել: Այս առնչությամբ ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել:
-Մենք այս պահին ընդհանրապես բոլոր կարիքների հիման վրա խնդիրների բոլոր ուղղությունները քննարկում ենք եւ համապատասխան որոշումներ կայացնելու դեպքում կտեղեկացնենք:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ