«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից Հայաստանում կուսակցություն ստեղծելու գաղափարը այլեւս անցնում է պատմության գիրկը: ՌՀՄ նախագահի տեղակալ, ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ Աբրահամյանի կողմից կուսակցություն չի ստեղծվել: Որոշվել է ստեղծել շարժում, որը պետք է փորձի տնտեսական ծրագրեր իրագործել:
«Մենք հոկտեմբերի 2-5-ը նախապատրաստվում ենք բիզնես ֆորում անցկացնել, որն իր նպատակները արդեն հայտարարել է՝ ՀՀ տնտեսության զարգացմանը նպաստելն է: Եւ այդ առումով մենք բավականին մեծ աշխատանք ենք կատարել, որի մասին ավելի կմանրամասնենք, հետագայում կանենք ասուլիս եւ ավելի մանրամասն կասենք: Մեր խնդիրն այս պահին դա է»,- պարզաբանել է Արամ Սարգսյանը: Իհարկե, բացառված չէ, որ ապագայում փորձ կարվի այդ կառույցի հիման վրա կուսակցություն ստեղծել, սակայն փաստն այն է, որ Աբրահամյանը եւ նրա կողմնակիցները ներկա իրավիճակում կուսակցություն բացելու ծրագիրը առժամանակ չեն իրագործի, ձեռնպահ կմնան»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: