Հովիկ Աբրահամյանը ԴԱՀԿ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին՝ համատեղ աշխատանքի և անցած տարիների ընթացքում Հարկադիր կատարման ծառայությունում իրականացված բարեփոխումների համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ի դեմս ԴԱՀԿ ապահովող ծառայության՝ Հայաստանում այսօր գործում է կայացած գերատեսչություն, որն արդյունավետ իրականացնում է իր առջև դրված խնդիրները:

Ներկայացնելով ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արմեն Հարությունյանին և նշելով, որ նա աշխատել է Հարկադիր կատարման ծառայությունում՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ պարոն Հարությունյանն իր փորձն ու գիտելիքները լավագույնս կծառայեցնի կառույցի գործունեության արդյունավետության բարձրացման և բարեփոխումները շարունակելու գործին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է Արմեն Հարությունյանին և արդյունավետ աշխատանք մաղթել:
Միհրան Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին՝ վստահության համար և նշել, որ անցած տարիների ընթացքում կառույցն առավելագույն ջանքեր է ներդրել՝ առաջադրված խնդիրները կատարելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Նա շնորհավորել է Արմեն Հարությունյանին նշանակման առթիվ և մաղթել հաջողություններ:

Իր հերթին Արմեն Հարությունյանը շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար, ընդգծել, որ քաջ գիտակցում է Հարկադիր կատարման ծառայության առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները և վստահություն հայտնել, որ օրենսդրական դաշտի և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործման միջոցով հնարավոր կլինի էլ ավելի բարձրացնել ԴԱՀԿ ապահովող ծառայության գործունեության արդյունավետությունը:




Լրահոս