Քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքները կստանան երախտագիտական նվիրատվություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներ իրականացնելուց զատ «Հայրենասեր» կազմակերպությունը ամերիկաբնակ հայերի հանգանակություններով դրամական երախտագիտական նվիրատվություն է կատարում քառօրյա պատերազմի հետևանքով զոհվածների ընտանիքներին:

Կազմակերպության հիմնադիր, ամերիկաբնակ Ստեփան Սարգսյանը, ծրագիրը շարունակական է լինելու և հետագայում ներառելու է նաև աջակցություն վիրավորների ընտանիքներին:

Կազմակերպությունը յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի հատկացնում է 500 ԱՄՆ դոլար և երախտագիտական նամակ այն զոհաբերության համար, որին գնացել է այդ ընտանիքի զինվորը:

Կազմակերպության ներկայացուցիչներն արդեն այցելել են Արմենակ Ուրֆանյանի, Գեղամ Մկրտչյանի, Աղասի Ասատրյանի, Հրաչ Մուրադյանի, Բագրատ Ալեքսանյանի, Տիգրան Բերակչյանի, Սարգիս Խալաֆյանի, Ռոբերտ Աբաջյանի, Մասիս Թովմասյանի, Սասուն Մկրտչյանի, Նորայր Հաջիյանի ընտանիքներին:

Սփետան Սարգսյանը տեղեկացրեց, որ դիրքապահների համար էլ 100 քնապարկ են արդեն ուղարկել Արցախ: «Քաշաթաղի շրջվարչակազմի միջնորդությամբ ապրիլի 21-ին Բերձոր հասցվեց 100 հատ քնապարկ, որը տարվել է առաջնագիծ: Սա դեռ սկիզբն է, կա ծրագիր ավելի մեծ քանակությամբ նման անհրաժեշտ պարագաներ հատկացնելու բանակին»,-ասաց Ստեփան Սարգսյանը:

«Հայրենասեր»-ը շարունակում է դպրոցաշինական ծրագիրը, դեռ քառօրյա պատերազմից առաջ Քաշաթաղի հյուսիսում վերաբնակեցված Հերիկ գյուղում նոր դպրոցի կառուցման ծրագիրն է մեկնարկել:

«Հայրենասեր» կազմակերպությունը հիմնադրվել է 2011-ին ավելի համակարգված, շարունակական ու ծավալուն կերպով նպաստելու հայրենիքին։ Կազմակերպության առաքելությունն է նպաստել Հայաստանի անկախ պետականության պահպանմանն ու զարգացմանը՝ բացահայտելով կարևորագույն խնդիրներն ու գործադրելով համապատասխան լուծումներ։ «Մեր համախոհ ընկերների և Հայաստանի ապագայով մտահոգված այլ անձանց հետ, ովքեր մեզ նման կամավորներ են, իրականացնում ենք ենթակառուցվածքային և կրթական-տեղեկատվական ծրագրեր Հայաստանում։

Ի դեպ, Հայաստան և Հայաստանի պետականություն ասելով` մենք հասկանում ենք և՛ ՀՀ -ն, և՛ ԼՂՀ-ն, քանի որ այդ երկու վարչական միավորները միասին ներկայումս կազմում են մեր հայրենիքը և հայոց պետականությունը։ Արդեն իրագործված ծրագրերից են ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ համայնքի դպրոցի հիմնովին վերակառուցում-ընդլայնումը, ամենամյաօրացույցի թողարկումը՝ նվիրված մեր հերոս ազատամարտիկներին, «Մոնթե Մելքոնյան. հանուն արդարության» վավերագրական ֆիլմի ստեղծումը և այլն»,-հատված Ստեփան Սարգսյանի` «Արմենպրես»-ին տված 2015 թվականի մարտի 18-ի հարցազրույցից։




Լրահոս