ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում լարված վիճակ է եղել: Պատճառն ու միջադեպի հանգամանքները դեռևս անհայտ են:
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը ArmLur.am-ին հայտնեց, որ ՔԿՀ-ում պլանայի ստուգումներ են իրականացվել, արտառոց բան չկա. «Այդ ստուգումները հաճախ դատապարտյալների մոտ դժգոհություն են առաջացնում: Քրեական գործի շրջանակներում իրավապահներն իրականացրել է համապատասխան քննչական գործողություններ` օրենքով սահմանված կարգով»:
Ըստ երևույթին` հենց սա էլ անազատության մեջ հայտնված անձանց մոտ դժգոհությունների տեղիք է տվել:
Ավելի ուշ ՔԿՎ-ն հանդես եկավ պարզաբանմամբ, որում ասվում է` «Այսօր զանգվածային լրատվության էլեկտրոնային մի շարք միջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե իբր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակավորված անձանց կատարած գործողությունների արդյունքում դատապարտյալները, ի նշան բողոքի, «բունտ» են արել, և քրեակատարողական հիմնարկում խառնաշփոթ իրավիճակ է տիրում:
Վերոբերյալի կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից հիմնարկի խցերից մեկում ժամը 16:10-ի սահմաններում իրականացվել են քննչական գործողություններ, որոնք առաջացրել են որոշ դատապարտյալների դժգոհությունը, ինչին անմիջապես արձագանքել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, և միջադեպը հարթվել է»: